Նոյեմբերի 11-12-ը ՇՊՀ-ում կայացավ «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային գիտաժողովը

Շիրակի պետական համալսարանում նոյեմբերի 11-12-ը կայացավ «Կրթության և գիտության հիմնախնդիրները» խորագրով միջազգային առցանց գիտաժողովը։

COVID-19-ի համաճարակային վիճակի վատթարացմամբ պայմանավորված՝ նախապես հիբրիդային մասնակցության ձևով ծրագրված գիտաժողովն անցկացվեց միայն առցանց։

Գիտաժողովի լիագումար նիստին ողջույնի խոսքով հանդես եկավ ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։ Կարևորելով գիտաժողովի անցկացումն ու արդյունավետ ընթացք մաղթելով մասնակիցներին, նա նշեց․ «Լիահույս եմ, որ գիտաժողովի թեմատիկ քննարկումներն ու ամփոփիչ եզրահանգումները կրթության և գիտության արդի հիմնախնդիրներին նոր լուծումներ կառաջարկեն, որոնք էլ կնպաստեն կրթական համակարգի արդիականացմանը»։

Լիագումար նիստին ներկայացվեց 3 զեկուցում, որից հետո աշխատանքները շարունակվեցին հետևյալ 7 բաժանմունքներում․

  • Կիրառական մաթեմատիկա, մեխանիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա և ինժեներական գիտություններ
  • Բնական գիտություններ, աշխարհագրություն և զբոսաշրջություն
  • Հայոց լեզու, գրականություն և արվեստ
  • Օտար լեզուներ և գրականություն
  • Պատմություն, իրավագիտություն, քաղաքագիտություն, փիլիսոփայություն, սոցոլոգիա
  • Տնտեսագիտություն և կառավարում
  • Մանկավարժություն, հոգեբանություն, ֆիզիկական դաստիարակություն և սպորտ

Երկօրյա գիտաժողովին 114 գիտական զեկուցումներով հանդես եկան 167 մասնակիցներ՝ հայաստանյան տարբեր բուհերից, ինչպես նաև Ռուսաստանից և Պորտուգալիայից։

Գիտաժողովի փակմանը համանախագահները բարձր գնահատեցին գիտաժողովի արդյունավետ անցկացմանն ուղղված կազմհանձնաժողովի ջանքերը։ Ամփոփելով աշխատանքները բաժանմունքներում՝ նրանք նշեցին, որ հոդվածներով ներկայացվել են համապատասխան ոլորտներում նոր հետազոտությունների արդյունքներ, կրթության և գիտության արդի հիմնախնդիրներն արծարծող և դրանց լուծումներ առաջարկող զեկուցումներ, որոնք անցել են բուռն քննարկումներով ու կարծիքների փոխանակմամբ։

Շիրակի մայր բուհում կայացած գիտաժողովին ներկայացված հոդվածները կանցնեն գրախոսում և  տպագրության երաշխավորված աշխատանքները լույս կտեսնեն ՇՊՀ-ի գիտական տեղեկագրի հատուկ համարում։