Օտար լեզուների և գրականության ամբիոն
Ամբիոնի պատմությունը
Օտար լեզուների դասավանդումն ինստիտուտում երկու տասնամյակից ավելի իրականացվում էր ռուսաց լեզվի հետ միևնույն ամբիոնում: 1966թ.-ին անգլերենի, ֆրանսերենի և գերմաներենի դասավանդումը կենտրոնացվեց նորաստեղծ օտար լեզուների ամբիոնում, որի հիմնադիր վարիչը եղավ դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, 1983թ.-ից` դոցենտ Թամարա Պիմենովան, 1990թ.-ից Սահականուշ Գրիգորյանը, որը 1996թ.-ից, երբ ամբիոնը վերանվանվեց անգլերեն և գերմաներեն լեզուների ամբիոն դարձավ վերջինիս վարիչը: 2003-ից ամբիոնը ղեկավարում է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Անահիտ Հովհաննիսյանը: Այս ամբիոնի և ինստիտուտում անգլերեն լեզվի ուսուցչի մասնագիտության կայացման մեջ մեծ է նաև այնպիսի երախտավորների վաստակը, ինչպիսիք են Նուբար Սաաթչյանը, Նադեժդա Պոզմանտիրը, Սվետլանա Ստեփանյանը, Ինեսա Ակոպովնան, Թամարա Մանասարյանը և ուրիշներ: Ներկայումս ամբիոնի կազմում կան 1 գիտդոկտոր, պրոֆեսոր, վեց գիտթեկնածու, երեք դոցենտ, դասախոսների մեծ մասը երիտասարդ ասպիրանտներ և հայցորդներ են: Գիտական հետաքրքրությունները բազմազան են` սկսած լեզուների տիպաբանական քննությունից մինչև գործաբանական իրազեկության, միջմշակութային հաղորդակցման և ճանաչողական լեզվաբանական հարցերը: Անգլերենի հիմնախնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովներին իր գործուն մասնակցությամբ ամբիոնը վերջին տարիներին զգալիորեն ընդլայնել է իր համագործակցությունը եվրոպական (Անգլիա, Սերբիա, Սլովակիա, Ռումինիա, Իտալիա) և ամերիկյան մի քանի համալսարանների հետ: Անգլերենի երիտասարդ դասախոսներից շատերը և բազմաթիվ ուսանողներ հաջողությամբ ներգրավված են Եվրամիության տարբեր ուսումնական ծրագրերում: Այն ամուր կապերը, որ հաստատվել են Հայաստանում Բրիտանական խորհրդի, ԱՄՆ-ի դեսպանատան հետ, թույլ են տալիս ամբիոնին մշտապես թարմացնել իր ուսումնամեթոդական գրականության հարուստ ֆոնդն ու տեսադարանը:
ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխությունների ընթացքում, 2017 թվականին, «Ռուսաց լեզու» և «Արտասահմանյան գրականություն» ամբիոնների միավորման արդյունքում ձևավորվեց «Ռուսաց լեզու և գրականություն» ամբիոնը:
Ամբիոնն ունի գիտական և դասավանդման գործունեության հարուստ պատմություն:
1940-1971թթ. գործել է որպես «Ռուսաց լեզվի, գրականության և օտար լեզուների» ընդհանուր ամբիոն, որը հաջորդաբար ղեկավարել են Մեխակ Հարությունյանը, Ելենա Գրիգորիադին, Արսեն Արուստամյանը, Անահիտ Ամիրյանը, Բելլա Եսաջանյանը, Բորիս Բարտենևը, Նիկոլայ Անաստասովը:
1970 թվականից, որպես ինքնուրույն միավորներ, ձևավորվեցին «Ռուսաց լեզու» և «Արտասահմանյան գրականություն» ամբիոնները, որոնք ղեկավարել են դոցենտներ Էմմա Հովհաննիսյանը, Յուրի Սաֆյանը, պրոֆեսոր Գայանե Ամբարդարյանը, դոցենտներ Մարիա Լևինցովան, Յուրի Սոխրյակովը, Տատյանա Շչեպակովան, Սեդա Ղասաբյանը, Թամարա Մելիքյանը, Էվելինա Մաթևոսյանը:
2017 թվականից «Ռուսաց լեզու և գրականություն» ամբիոնի վարիչն էր դոցենտ Էվելինա Մաթևոսյանը:
Ամբիոնի գիտական հետաքրքրությունների շրջանակում են լեզվաբանության, գրականագիտության, ռուսաց լեզվի և գրականության դասավանդման մեթոդիկաների, դասագրքերի ստեղծման արդի խնդիրները:
Ամբիոնի գրեթե բոլոր անդամներն ունեն գիտական կոչումներ և աստիճաններ, բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և դասագրքերի, ինչպես նաև մեթոդական ձեռնարկների հեղինակներ են: Ամբիոնի անդամներն ակտիվ մասնակցություն են ցուցաբերում հանրապետական և միջազգային գիտաժողովներին՝ դիտարկելով գիտության տարբեր ոլորտների և կրթական համակարգի խնդիրները:
Ամբիոնը համագործակցում է բազմաթիվ բուհերի ամբիոնների, գիտական կենտրոնների և դպրոցների հետ: Ներկայումս ամբիոնն իրականացնում է բակալավրի երկու և մագիստրատուրայի մասնագիտական կրթական ծրագրեր՝ առկա և հեռակա ուսուցմամբ:
«Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության» ամբիոնը «Հումանիտար գիտությունների և արվեստի» ֆակուլտետի համեմատաբար երիտասարդ ամբիոններից էր, այն իբրև ինքնուրույն ամբիոն գործել է 1992թ-ից: Ամբիոնի հիմնադիրն է հանրապետության վաստակավոր ուսուցիչ, դոցենտ Հակոբ Մեղրիկյանը, որի ղեկավարությամբ ամբիոնն աշխատել է մինչև 1996թ.:
1996թ-2003 թթ. ամբիոնը ղեկավարել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Ժանետ Սարգսյանը:
2003-2011թթ. ամբիոնը ղեկավարել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Սուսաննա Հարությունյանը:
2011-2015թթ ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրել է բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդուհի Ստեփանյանը:
2015 թվականից ամբիոնը ղեկավարում էր բանասիրական գիտությունների թեկնածու Շուշանիկ Տեր-Ադամյանը:
2013թ-ին «ֆրանսերեն լեզվի և գրականության» ամբիոնը, համալրվելով «Գերմաներեն լեզու և գրականություն» մասնագիտությանբ, վերանվանվել է «ֆրանսերեն, գերմաներեն լեզուների և նրանց դասավանդման մեթոդիկաների» ամբիոն:
2017թ. –ին ամբիոնը համալրվել է «Սերվիս»/բակալավր/ և «Կայուն զբոսաշրջություն» /մագիստրատուրա/ մասնագիտություններով և վերանվանվել է «Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության» ամբիոն: Ներկայումս ամբիոնը թողարկում է բակալավրի 4 և մագիստրատուրայի 1 մասնագիտական կրթական ծրագրեր առկա և հեռակա ուսուցմամբ.
• Միջմշակութային հաղորդակցություն՝ ֆրանսերեն-հայերեն՝ առկա ուսուցման բակալավր,
• Ֆրանսերեն լեզու և գրականություն՝ առկա և հեռակա ուսուցման բակալավր,
• Գերմաներեն լեզու և գրականություն՝ առկա ուսուցման բակալավր,
• Սերվիս՝ առկա և հեռակա ուսուցման բակալավր,
• Կայուն զբոսաշրջություն՝ մագիստրատուրա:
Ամբիոնի կողմից մշտապես վերանայվում և արդիականացվում են Մասնագիտական Կրթական Ծրագրերը՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի արդի պահանջներին:
Ամբիոնը սերտ համագործակցության մեջ է ֆրանսիական դեսպանատան հետ «Ալիանս Ֆրանսեզ» ֆրանսիական կազմակերպության հետ, որի հարուստ գրադարանի մշտական ցանկալի այցելուներն են ամբիոնի դասախոսներն ու ուսանողները:
2000 թվականից ամբիոնը սերտորեն համագործակցում է GREF/թոշակառուներ առանց սահմանի / կազմակերպության հետ: Տարին 2 անգամ 6 շաբաթ տևողությամբ ֆրանսիացի մասնագետն աշխատում է ամբիոնում` անցկացնելով սեմինարներ և վերապատրաստումներ ֆրանսերեն լեզվից, ինչպես նաև ֆրանսերենի դասավանդման մեթոդիկայից` նպատակաուղղված Շիրակի մարզում ֆրանսախոսության տարածմանը:
Ամբիոնը համագործակցում է նաև Գերմանական Ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/ և Գյոթե ինստիտուտի հետ: Ամբիոնի դասախոսները ակտիվ մասնակցություն են ունենում Գերմանական Ակադեմիական փոխանակման ծրագրի /DAAD/ և Գյոթե ինստիտուտի կողմից իրականացվող ամենամյա վերապատրաստումներին և սեմինարներին:
Ամբիոնը Հայաստանում անցկացվող «Ոսկե բառ» , «Մարդու իրավունքները 21 –րդ դարում» ամենամյա մրցույթների ամենագործուն մասնակիցներից է, բազմաթիվ ուսանողներ են ներգրավված նաև KASA և SPFA կազմակերպությունների տեղական գրասենյակների աշխատանքներում:
Ամբիոնը համալրված է Ֆրանսերեն, գերմաներեն լեզուների դասավանդման, ինչպես նաև սերվիսի և զբոսաշրջության ոլորտի փորձառու մասնագետներով: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է՝ լեզուների տիպաբանական ուսումնասիրություն, բառագիտություն, օտար լեզուների դասավանդման մեթոդիկա, միջմշակութային հաղորդակցում և ճանաչողական լեզվաբանություն, տուրիզմի հիմունքներ, միջմշակութային հաղորդակցությունը զբոսաշրջության ոլորտում:
Ամբիոնը գործուն մասնակցություն ունի ֆրանսերեն, գերմաներեն լեզուների պահպանման և տարածման հարցում՝ հանդիսանալով մարզում ֆրանսերենի, գերմաներենի դասավանդման գիտամեթոդական կենտրոն: Ամբիոնի դասախոսները ամենամյա վերապատրաստման դասընթացներ են անցնում արտասահմանյան բուհերում, արդյունավետ մասնակցություն ցուցաբերում եվրոպական «Էրասմուս +», DAAD դրամաշնորհային կրթական ծրագրերին: Ամբիոնը մշտապես համագործակցում է ֆրանսիացի, շվեյցարիացի, բելգիացի և գերմանացի կամավորների հետ:
Ամբիոնը ստեղծել է իր հարուստ գրադարանը, որը գերազանցապես համալրված է Ֆրանսիայում, Գերմանիայում հրատարակված ուսումնական և մեթոդական ժամանակակից գրականությամբ և ունի նյութատեխնիկական լավ հնարավորություններ, որոնք մեծապես նպաստում են ֆրանսերենի, գերմաներենի, սերվիսի և զբոսաշրջության ոլորտի բարձրակարգ մասնագիտական կադրերի պատրաստմանը:
ՇՊՀ-ի կառուցվածքային փոփոխությունների շրջանակներում 2022 թվականի օգոստոսին
«Հումանիտար գիտությունների և արվեստի» ֆակուլտետը վերանվանվեց «Հումանիտար գիտությունների» ֆակուլտետ, իսկ «Ռուսաց լեզու և գրականություն» և «Միջմշակութային հաղորդակցության և զբոսաշրջության» ամբիոնները միացան «Անգլերեն լեզու և գրականություն» ամբիոնին, որն էլ վերանվանվեց «Օտար լեզուների և գրականության» ամբիոն:
Դասախոսներ
մանկ. գիտ. թեկ., դոցենտ