ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Կրթության, գիտության, արվեստի ու արհեստների հարուստ ավանդույթներ ունեցող Գյումրիում (նախկին՝ Լենինական), կարևորելով բարձրագույն կրթության սեփական դարբնոց ունենալու անհրաժեշտությունը, 1934 թվականին ՀՍՍՀ ժողովրդական կոմիսարների խորհրդի որոշմամբ հիմնվում է Լենինականի մանկավարժական ինստիտուտը (ԼՄԻ):

Մանկավարժական ինստիտուտն իր երեք` լեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական և պատմական ֆակուլտետներով, բացվել է Լենինական վերանվանված Ալեքսանդրապոլի շքեղ շինություններից մեկում` նախկին Առևտրային ուսումնարանի շենքում, ուր 1919 թվականին սկիզբ է առել նաև հետագայում Երևան տեղափոխված Հայոց համալսարանի փառավոր տարեգրությունը:

Առաջին ուսումնական տարում ինստիտուտն ուներ շուրջ 16 դասախոս և 100 ուսանող (նրանց մեջ էր նաև ապագա մեծանուն բանաստեղծ Հովհ. Շիրազը):

Նախապատերազմական համեմատաբար կարճ ժամանակահատվածում՝ ընդամենը 5-6 տարում նորաստեղծ ուսումնական հաստատությունը կարողացավ ինքնահաստատվել ոչ միայն իր աշխատակիցների ու բուհի ղեկավարության (ռեկտորներ՝ Ս. Մովսիսյան-1935-37թ.թ., Մ. Մարգարյան-1937-47 և 1956-60թ.թ.) հետևողական ու նպատակամետ գործունեության շնորհիվ, այլև երևանյան գործընկեր համալսարանների ու ինստիտուտների լավագույն մասնագետների աջակցությամբ: Այդ ժամանակահատվածում ԼՄԻ-ն տվեց 375 շրջանավարտներ, որոնք համալրեցին Լենինականի և Հայաստանի հյուսիսային շրջանների մանկավարժների շարքերը՝ լծվելով մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության ազգանվեր գործին:

Լենինականի մանկավարժականը, գիտակցելով իր պարտքը Հայրենիքի նկատմամբ, չէր կարող անմասն մնալ Մեծ Հայրենականից: Շատ դասախոսներ և ուսանողներ մեկնեցին ռազմաճակատ: Մասնակիցներից շուրջ 70-ը զոհվեցին, մի մասն էլ վերադարձավ հաղթողի փառքով՝ արժանացած մարտական շքանշանների ու մեդալների: 1949-51թ.թ. ԼՄԻ-ում սովորող 1719 ուսանողներից 131-ը մասնակցել էին Մեծ Հայրենականին: Քանի որ նույնիսկ պատերազմի տարիներին ինտիտուտը չդադարեցրեց իր գործունեությունը, աջակցելով Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին, վերոնշյալ  ուսանողներից  391-ը պարգևատրվել են ՍՍՀՄ մեդալներով ու շքանշաններով: Իսկ Աշոտ Ամատունին արժանացավ Սովետական Միության հերոսի բարձր կոչման:

Հետպատերազմյան առաջին տարիները նույնպես լուրջ փորձություն էին մանկավարժականի համար (ռեկտորներ՝ Շ. Ազնաուրյան-1947-53թ.թ., Հ. Գևորգյան-1953-56թ.թ.), որը նույնպես պատվով հաղթահարվեց ու վերականգնվեց բուհի բնականոն գործունեությունը:

1949-ին Կառավարության հատուկ որոշմամբ ԼՄԻ-ն կոչվեց հայ մեծ լուսավորիչ Միքայել Նալբանդյանի անունով: Բուհի նոր վերելքին, գիտամանակավարժական բուռն գործունեությանն իրենց դասախոսական աշխատանքով մասնակցել են հայրենի գիտության ու արվեստի նշանավոր շատ երախտավորներ:

Այդ ամենի շնորհիվ համալրվում է ԼՄԻ ՊԴ և ուսանողական կազմը, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընդլայնվում նյութատեխնիկական բազան: 50-ականների առաջին կեսին բուհում սովորում էին ավելի քան 400 ուսանողներ:

Սակայն այդ վերելքը մասամբ դանդաղում է՝ պայմանավորված 1960 թվականին ԼՄԻ-ի կարգավիճակային փոփոխմամբ, այն դարձավ Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մասնաճյուղ: Դրա արդյունքում կրճատվում է ընդունելությունը, ՊԴ կազմը, միավորվում են որոշ ամբիոններ:

ԼՄԻ ուսումնամեթոդական, գիտական ու մշակութային գործունեության, նրա վարկանիշի ու հեղինակության հետագա աճի համար առավել բարենպաստ ժամանակահատված  սկսվեց 1966-ից (ռեկտոր՝ Կ. Հովսեփյան-1960-94թ.թ.), երբ վերականգնվեց բուհի ինքնուրույն կարգավիճակը:

1984-ին ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության հրամանագրով Լենինականի Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտը պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով՝ որակյալ մասնագետների պատրաստման և մանկավարժության բնագավառում գիտական հետազոտությունների զարգացման գործում ունեցած վաստակի համար:

Ինչպես ամբողջ Հայաստանի, այնպես էլ մասնավորապես Լենինականի մանկավարժականի համար լուրջ մարտահրավեր էր 1988-ի աղետալի երկրաշարժը, դրա պատճառած մարդկային կորուստների ու նյութատեխնիկական բազայի կործանման արդյունքում ստեղծված իրավիճակի հաղթահարումը, բնականոն կյանքի ու գործունեության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Ի պատիվ նալբանդյանցիների պետք է ասել, որ նրանք, դրսևորելով միասնական ու համախբված մոտեցում, ջանքերի գերլարում և նվիրվածություն, կարողացան պատվով դուրս գալ նաև այս փորձությունից: Հետաղետյան բավականին երկար ժամանակահատվածից սկսած մինչև համալսարանի կարգավիճակ ստանալու տարիները ներառյալ (ռեկտորներ՝ Կ. Հովսեփյան-1960-94թ.թ., Ս. Սարգսյան-1994-97թ.թ., Հ. Հարությունյան-1997-2002թ.թ., Վ. Գրիգորյան-2002-2016թ.թ., Ս. Մինասյան-2016-18թ.թ.)՝ Շիրակի մայր բուհում հսկայածավալ աշխատանքներ են իրականացվել թե ուսումնամեթոդական, գիտահետազոտական և մարզամշակութային ոլորտների վերականգնման, արդիականցման, և թե համապատասխան մասնագիտական կադրերի պատրաստման և անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի ստեղծման ու համալրման ուղղությամբ:

«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հավատարմագրման հանձնաժողովի 2016թ. հունիսի 21-ի N18 որոշմամբ ԳՊՄԻ-ին շնորվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում:

ՀՀ կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի N 1031 –Ն որոշմամբ «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ-ը վերակազմավորվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի, որն էլ  պետական գրանցում է ստացել 2016 թվականի դեկտեմբերի 2-ին:

Հոգաբարձուների խորհուրդը, 2022 թվականի փետրվարի 19-ի նիստում, առաջնորդվելով ՇՊՀ-ի ռեկտորի ընտրության կանոնակարգով, ընդունեց Երվանդ Սերոբյանին ՇՊՀ-ի ռեկտոր ընտրելու մասին որոշում, որը հաստատվեց ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 17-ի N 314-Ա որոշումով։

Իր իննսունամյակի շեմին մոտեցող Շիրակի պետական համալսարանը Լենինականի, հետագայում նաև Գյումրու պետական մանկավարժականի լիիրավ իրավահաջորդը և լավագույն ավանդույթների կրողն ու ստեղծագործաբար շարունակողն է:

Գիտակցելով նորանկախ Հայրենիքի հանդեպ իրենց պարտքն ու պատասխանատվությունը, դաստիարակվելով իրենց հայրերի ու պապերի հերոսական օրինակով՝ խիզախությամբ ու նվիրվածությամբ առանձնացան նաև ՇՊՀ-ի ուսանողներն, աշխատակիցներն ու շրջանավարտները 2020-ի քառասունչորսօրյա գոյամարտի ժամանակ: Նրանցից 31-ը տուն չվերադարձան, դառնալով հավերժի ճամփորդներ՝ իրենց անձնազոհությամբ, մինչև արյան վերջին կաթիլը պայքարելով նենգ ոսոխի դեմ:  Այսօր էլ նրանք  շարունակում են ապրել իրենց լուռ ներկայությամբ ՇՊՀ-ի Հիշատակի անկյունում:

Այսօր Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի (ռեկտոր՝ Ե. Սերոբյան) երեք ֆակուլտետներում (հումանիտար գիտությունների , բնագիտամաթեմատիկական, հասարակական գիտությունների) առկա և հեռակա համակարգերի բակալավրի 34 կրթական ծրագրով սովորում են շուրջ 1900 ուսանողներ, մագիստրատուրայի 21 կրթական ծրագրերով՝ 450, իսկ հետազոտողի կրթական ծրագրի 7 ոլորտներում՝ 14 ուսումնառող:

ՇՊՀ մասնագիտական 11 ամբիոնների աշխատանքներում ներգրավված են՝ 1 ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, շուրջ 20 գիտությունների դոկտորներ և պրոֆեսորներ, 200 գիտությունների թեկնածուներ և դոցենտներ:

ՀՀ-ում 2005 թվականից սկսված բուհական կրթության բարեփոխումների, միջազգայնացման գորընթացներում ՇՊՀ-ի ակտիվ ներգրավման արդյունքում ներդրվեց կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական համակարգը, բուհն ընդլայնեց միջազգային համագործակցության ոլորտներն ու գործընկերների շրջանակը՝ պայմանագրեր կնքելով  շուրջ 30 եվրոպական, 20 ԱՊՀ և 40 հայաստանյան բուհերի ու այլ կազմակերպությունների հետ: Հիմնվեցին նոր կառուցվածքային ստորաբաժումներ, ուսումնական լաբորատորիաներ ու կրթական ծրագրեր, արդիականացվեցին ու համակարգչային տեխնիկայով կահավորվեցին մի շարք մասնագիտական լսարաններ:

Համալսարանն ունի իր օրհներգը, զինանշանը և ոսկյա հուշամեդալը, որը շնորհվում է Գիտական խորհրդի որոշմամբ։

Այս ամենի շնորհիվ ՇՊՀ-ն այսօր դարձել է Շիրակի մարզի ուսումնագիտական և մարզամշակութային մի ուրույն կենտրոն: