Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոն
Ամբիոնի պատմություն
Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնը ձևավորվել է 2022թ. կառուցվածքային փոփոխությունների արդյունքում։ ՇՊՀ ամբիոնի օրինակելի կանոնադրությամբ սահմանվում է, որ ամբիոնը համալսարանի հիմնական ուսումնագիտական, մեթոդաբանական կառուցվածքային ստորաբաժանում է, որը միավորում է մասնագիտական ընդհանրություն ունեցող գիտամանկավարժական կազմը, իրականացնում է ուսումնական, ուսումնամեթոդական և գիտահետազոտական աշխատանքներ, պատրաստում է մասնագետներ և գիտամանկավարժական կադրեր, նպաստում նրանց որակավորման բարձրացմանը և վերաորակավորման գործընթացներին։
Ըստ այդմ՝ Հոգեբանության ու սոցիոլոգիայի ամբիոնը սահմանել է իր առաջնահերթությունները՝
- հաղորդել համակարգված և ընդհանրացված տեսագործնական գիտելիքներ համապատասխան բնագավառների արդի միտումներին համարժեք,
- զարգացնել աշխատաշուկայի անընդմեջ փոփոխվող պահանջներին համապատասխան նոր գիտելիքներ ձեռքբերելու կարողություններ, որոնք անհրաժեշտ են ինքնուրույն մասնագիտական գործունեություն ծավալելու և կրթությունը շարունակելու համար:
- թրեյնինգների և պրակտիկայի միջոցով նպաստել հոգեբանություն մասնագիտացմամբ ուսանողների և հոգեկան առողջության ոլորտի մասնագետների մասնագիտական կրթության որակի բարելավմանը,
- ՇՊՀ ուսանողներին, աշխատակիցներին և հանրապետության բնակչությանը մատուցել խորհրդատվական և զարգացնող բնույթի ծառայություններ,
- իրականացնել գիտահետազոտական աշխատանքներ կիրառական հոգեբանության տարբեր ոլորտներում,
- ստեղծել կրթական բարենպաստ միջավայր ուսանողների համար,
- լուծել բուհի տարբեր ստորաբաժանումների հոգեբանական ինտեգրման խնդիրը,
- բուհը դիտել որպես մեկ ամբողջական միավոր, հոգեբանական առումով լուծել մեկ ընդհանուր խնդիր` նպաստելով ուսանողների անձնային և մասնագիտական կոմպետենցիաների ձևավորմանը,
- տալ որոշակի կոմպետենցիաներ ունեցող շրջանավարտներ, լուծել աշխատաշուկայում նրանց մրցունակության խնդիրը,
- կապեր հաստատել տարածաշրջաների գործատուների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ,
- միավորել հոգեբանություն, սոցիոլոգիա և սոցիալական աշխատանք մասնագիտությունները՝ ապահովելով դրանց փոխազդեցության արդյունավետ միջգիտակարգային զարգացումը,
- պրոֆեսորադասխոսական անձնակազմը համալրել ոլորտի առաջատար գործնական ուղղվածությամբ մասնագետներով՝ այդ թվում նաև հանրապետության առաջատար բուհերից հրավիրված մասնագետներով,
- համալրել մասնագիտական գրականության ֆոնդ, մասնագիտություններին համապատասխան ժամանակակից գիտագործնական գրականությամբ։
Ներկայումս ամբիոնը թողարկում է բակալավրի 3 և մագիստրատուրայի 2 մասնագիտական կրթական ծրագիր՝ Հոգեբանություն /առկա, հեռակա/, Սոցիոլոգիա /առկա, հեռակա/ Սոցիալական աշխատանք /առկա, հեռակա/, Հոգեբանություն, Սոցիալական աշխատանք/մագիստրատուրա/: Կրթական ծրագրերն իրականացվում է ամբիոնի 26 դասախոսի կողմից: Պրոֆեսորադասխոսական անձնակազմը համալրված է ոլորտի առաջատար մասնագետներով, որոշ դասընթացներ իրականացնում են հանրապետության հայտնի բուհերից հրավիրյալ մասնագետները։
Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի ուսումնասիրությունների ոլորտն ու աշխարհագրությունը շատ ընդգրկուն են (հոգեախտորոշում, հոգեթերապիա, ծնողավարություն, ընտանիքի հոգեկան հասունության ապահովում և այլն), ամբիոնն իր աշխատակազմի ուժերի սահմանում անում է առավելագույնն ազգաբնակչության հոգեշտկման ու հոգենորոգման գործում՝ այս կերպ իրականացնելով հոգեբանական շտապօգնության ծառայության գործառույթ և´ համալսարանի ներքին շահառուների, և´ առհասարակ տարածաշրջանի ազգաբնակչության ստրեսների ու վախերի, տագնապի ու խուճապի հոգեբանական հետևանքների հաղթահարմանը նպաստելու տեսանկյունից:
Ամբիոնը ունի հարուստ գրադարանային ֆոնդ, ինչն ապահովում է ուսանողների համար անհրաժեշտ գրականության հասանելիությունը, գրադարանային ֆոնդը պարբերաբար համալրվում է՝ ուսումնական գործընթացներին համապատասխան:
Ամբիոնը կայուն կապեր է հաստատել տարածաշրջանի գործատուների և հասարակական ոլորտի ներկայացուցիչների հետ՝ այս կերպ օժանդակելով հեռանկարային ուսանողների աշխատանքի տեղավորման գործընթացին: