Հայոց լեզվի և գրականության ամբիոն
Ամբիոնի պատմություն
ՇՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնը սպասարկում է հայոց լեզվի և գրականության /բակալավր և մագիստրատուրա/, լրագրություն /բակալավր և մագիստրատուրա/ մասնագիտությունները:
Հայոց լեզվի ամբիոնը ձևավորվել է 1934-38թթ.: Տարբեր ժամանակահատվածներում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Հայկ Ամալյանը, Սենեքերիմ Մելքոյանը, Մկրտիչ Մկրտումյանը, Սերգո Հայրապետյանը, դոցենտներ Ալեքսանդր Բաբասյանը, Կարապետ Դուրգարյանը, Նազելի Ավետիսյանը, Մարիետա Խաչատրյանը:
Ամբիոնում աշխատել են մեծանուն լեզվաբաններ` ակադեմիկոսներ Գ. Սևակը, Ա. Ղարիբյանը, Ս. Աբրահամյանը, Էդ. Աղայանը, Վ. Քոսյանը և այլք: Ամբիոնում մեծ հաջողությամբ է իրականացվել սերնդափոխության քաղաքականություն: 70-ական թվականներից սկսած` ամբիոնը համալրվել է գերազանցապես իր շրջանավարտ երիտասարդ կադրերով` Է. Բաղդասարյան, Թ. Մխիթարյան, Ս. Հայրապետյան, Զ. Չաղայան, Ս. Գրիգորյան, Հ. Մելքոնյան, Վ. Մելքոնյան և ուրիշներ:
Համաձայն 15.11.2016 թվականի գիտական խորհրդի №02 նիստի որոշման՝ հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնը վերանվանվել է ամբիոնի երախտավոր պրոֆեսոր Սենեքերիմ Արշակի Մելքոնյանի անունով:
Հայ գրականության ամբիոնը նախապես գործել է հայոց լեզվի ամբիոնի հետ, առանձնացել է 1952թ.:
Հիմնադիր վարիչը դոցենտ Արշավիր Մխիթարյանն է: Տարբեր ժամանակներում ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Սենեքերիմ Մելքոնյանը, Սևակ Արզումանյանը, Հայկազ Հակոբջանյանը, դոցենտներ Սաքո Սարգսյանը, Կարապետ Դուրգարյանը, Ռուդոլֆ Սիմոնյանը, Անահիտ Հակոբյանը, բ.գ.դ., դոցենտ Գագիկ Խաչիկյանը:
2013թ. ամբիոնի կազմում է նաև լրագրության սեկտորը:
2017թ. հայոց լեզվի և նրա դասավանդման մեթոդիկայի ու հայ գրականության, նրա դասավանդման մեթոդիկայի և լրագրության ամբիոնները կրկին գործում են միասին՝ որպես հայոց լեզվի և գրականության ամբիոն:
2017թ. հունիսից ամբիոնի վարիչի ԺՊ է նշանակվել բ.գ.թ., դոցենտ Ա. Ավագյանը:
Այժմ ՇՊՀ հայոց լեզվի և գրականության ամբիոնն ունի 28 աշխատող. 2 գիտ. դոկտոր, 16 դոցենտ, 7 դասախոս:
Ամբիոնի աշխատակիցները տարիներ շարունակ ծավալել են գիտամանկավարժական ակտիվ գործունեություն, ղեկավարել են գիտական թեմաներ, հեղինակ են բազմաթիվ մենագրությունների, որոնք իրենց ծանրակշիռ տեղն ունեն հայ լեզվագիտության և գրականագիտության մեջ, զբաղվում են հայրենագիտության տարբեր բնագավառների` ոճագիտության, հայոց լեզվի պատմության, ժամանակակից հայերենի, պատմական քերականության, գրականագիտության, հայոց լեզվի և հայ գրականության դասավանդման մեթոդիկաների հարցերով: Լրագրության ոլորտի լավագույն մասնագետները ոչ միայն դասավանդում են բուհում, այլև զբաղվում են լրագրողական ակտիվ գործունեությամբ: Ամբիոնում է ծնունդ առել հայերենի ոճաբանության բուհական առաջին դասագիրքը:
Ամբիոնը պետական (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացրել է հայերենի լեզվաոճական քննության գիտական ծրագիր:
Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայ գրողների հետ հետաքրքիր հանդիպումների, գրական բանավեճերի ու համալսարանում ավանդաբար անցկացվող բազմաթիվ այլ միջոցառումների կազմակերպիչ է, ակտիվ համագործակցում է տուն-թանգարանների, գրողների միության, ստեղծագործական կազմակերպությունների, հանրապետության տարբեր բուհերի հայոց լեզվի և գրականության ամբիոնների հետ: Գիտական ու մշակութային տարբեր կազմակերպությունների հետ սերտ կապերն օգնում են անընդհատ համալրելու ամբիոնի գրադարանը մասնագիտական, գեղարվեստական, ուսումնամեթոդական նորագույն գրականությամբ:
Ամբիոնն ակտիվ համագործակցում է հայագիտական մի շարք կենտրոնների՝ ԳԱԱ լեզվի ինստիտուտի, ԳԱԱ գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի, ԵՊՀ-ի, ԵՊՄՀ-ի, ՎՊՀ-ի հայոց լեզվի և գրականության, լրագրության ամբիոնների հետ:
Այժմ ամբիոնն իր առջև դրել է մի շարք ռազմավարական նպատակներ, որոնցից առաջնային են ՈԱՇ-ի նոր պահանջներին համապատասխան կրթական ծրագրերի վերամշակումը, ամբիոնի դասախոսական կազմի պարբերաբար վերապատրաստումները, հեռավար ուսուցման հարթակի ներդրմանն ուղղված քաղաքականության մշակումը, մագիստրոսական կրթական ծրագրերում պարտադիր և ընտրովի դասընթացների առարկայացանկի վերանայում՝ ժամանակակից գիտության և աշխատաշուկայի պահանջներին համահունչ, ինչպես նաև համագործակցություն որակի ապահովման կենտրոնի հետ՝ հարցաշարերի և ԷԴՓ-ների վերաբերյալ սոցիալական հարցումների արդյունքների վերլուծության նպատակով, ուսանողների ծավալուն մասնակցության ապահովում գործնական և հետազոտական աշխատանքներին, ուսանողական գիտական ընկերությունների կազմակերպած գիտաժողովներին ուսանողների մասնակցության խրախուսում, նորարարական կրթական տեխնոլոգիաների կիրառմամաբ օրինակելի դասերի կազմակերպում:
Հայոց լեզվի և գրականության ամբիոնը արժանիորեն ճանաչված է հայերենագիտության շրջանակներում և հիմնավոր դեր ունի մարզի տարածքում կազմավորվող ավագ դպրոցների համար մայրենիի բարձրակարգ ուսուցիչների վերապատրաստումների իրականացման կարևոր գործում, կազմակերպում է նաև գիտական սեմինարներ՝ լեզվաբանությանն ու գրականագիտությանն առնչվող խնդիրների քննարկման, գիտական լուծումների առաջադրման նպատակով՝ նախապես ընտրելով թեմաներ և նշելով թիրախային խմբերին:
Ամբիոնի վարիչի ԺՊ
Ավագյան Արմենուհի Արտուշի
բան. գիտ. թեկ., դոցենտ
armenuhi_avagyan@shsu.am