ՇՊՀ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

«Շիրակի Մ.Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոցը գործում է 2017թ.-ի սեպտեմբերի 1-ից ք. Գյումրի, Թումանյան 85 հասցեում: Ձևավորվել է նախկին «Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտ» ՊՈԱԿ մշակույթի վարժարանի, ԳՊՄԻ ավագ դպրոցի և ՀՀ կառավարության 17.08.2017թ. 989-Ն որոշմամբ լուծարված նախկին ՀՀ ԿԳՆ «Գյումրու N3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի աշակերտական և ուսուցչական համակազմերի միատեղման արդյունքում՝ որպես «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ավագ դպրոց:

Ժամանակակից կրթական պահանջներին համապատասխանող ավագ դպրոցն ունի 19 դասասենյակ, բնագիտական 4 լաբորատորիաներ, որոնք համալրված են ժամանակակից լաբորատոր սարքավորումներով և համապատասխան գույքով, գործում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, համակարգչային 2 լսարաններ, գերմաներենի կահավորված կաբինետ-լսարան, ՆԶՊ-ի կաբինետ-լսարան, զենքի պահեստ, մեկ գրապահոց, բուժսպասարկման կենտրոն, բուֆետ-ճաշարան, ֆիզկուլտուրայի դահլիճ: Երկար տարիների սպասումից հետո վթարային վիճակի մեջ գտնվող ֆիզկուլտուրայի դահլիճի հատակը և կտուրը վերանորոգվեցին: Դպրոցի բակում կառուցվել է Ապրիլյան քառօրյա պատերազմին  զոհված Վիկտոր Յուզիխովիչի խաչքար — հուշարձանը, ինչպես նաև դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվել է նրա անունով, դպրոցում կա հիշատակի անկյուն՝ նվիրված 44-օրյա պատերազմում զոհված աշակերտներին:

ՇՊՀ-ի ավագ դպրոցում ձևավորվել են բնագիտամաթեմատիկական և հումանիտար հոսքային դասարաններ: Դպրոցում սովորողները ուսումնասիրում են 3 օտար լեզու՝ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ընդ որում դպրոցը համագործակցում է Գյոթեի ինստիտուտի հետ և իրականացնում է աշակերտների փոխանակման ծրագրեր:

ՇՊՀ-ի ավագ դպրոցի հանրույթն ունի 55 աշխատակիցներ, որոնցից 42-ը մանկավարժներ են, նրանցից երկուսը՝ Անի Նահապետյանը և Մելինե Խաչատրյանը, դասավանդում են ՇՊՀ-ում: Ուսուցիչներից յոթն ունեն առաջին կարգի տարակարգ, իսկ մեկը՝ երկրորդ կարգի: Հետ չմնալով կրթական նոր մարտահրավերներից՝ դպրոցի ուսուցիչներից չորսը մասնակցել են ուսուցիչների կամավոր ատեստավորմանը և ցուցաբերել բարձր արդյունքներ:

Ամեն տարի ՇՊՀ-ի ավագ դպրոցի շրջանավարտները շարունակում են իրենց կրթությունը հանրապետության տարբեր բուհերում՝ ՇՊՀ, ԵՊՀ, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, ՀՊՏՀ: ԸՆդ որում 2020-2021 ուստարում բուհեր դիմող 50 շրջանավարտներից 32-ը դիմել են ՇՊՀ:

ՇՊՀ-ի ավագ դպրոցը իր կարճ գործունեության ընթացքում հասցրել է աչքի ընկնել գերազանց առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներով, որոնք պարգևատրվել են գերազանցության մեդալներով: