ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և հայաստանյան 5 համալսարան հուշագիր են կնքել

Այսօր փոխըմբռնման հուշագիր են կնքել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը՝ որպես աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության բնագավառներում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական մարմին, և հայաստանյան 5 համալսարան՝ որպես սոցիալական աշխատանքի, հոգեբանության, սոցիալական ու հատուկ մանկավարժության տարբեր ճյուղերի գծով մասնագետների ուսուցում իրականացնող կրթական հաստատություններ։

Ըստ հուշագրի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունը նախաձեռնում է համագործակցություն  սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթության բովանդակության՝ սոցիալական պաշտպանության ոլորտի կարիքներին համապատասխանության բարձրացման, ինչպես նաև շրջանավարտների՝ սոցիալական պաշտպանության ոլորտում անհրաժեշտ մարդկային ռեսուրսների համալրման նպատակով համակարգված քաղաքականության իրականացման  նպատակով:

Մասնագիտական ուսումնական հաստատությունները պարտավորվում են․

— ուսումնասիրել  նշված մասնագիտությունների գծով վերջին առնվազն երեք տարիների շրջանավարտների ցանկերը՝ նախարարությանը ներկայացնելով այդ մասնագետների ներկայիս տեղաբաշխվածության և ինտեգրված սոցիալական ծառայություններ տրամադրող կառույցներում աշխատելու պատրաստակամության և հնարավորության մասին տեղեկություններ,

— Նախարարության հետ համատեղ ձևավորել աշխատանքային խումբ՝ սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթական ծրագրերի՝ ներառյալ արտադրական պրակտիկաների բաղադրիչի, պարբերական վերանայման և սոցիալական պաշտպանության ոլորտի կարիքներին համապատասխանեցման նպատակով,

— աջակցել վերապատրաստման դասընթացների կազմակերպման,  համատեղ գիտաժողովների ու սեմինարների կազմակերպման, տարբեր մեթոդական, դիդակտիկ, իրազեկման և այլ նյութերի պատրաստման հարցերում:

Նախարարությունը պարտավորվում է․

-շրջանավարտների մասին մասնագիտական ուսումնական հաստատություններից ստացված տեղեկությունների հիման վրա ընտրել անհրաժեշտ թվով թեկնածուներ,

-կազմակերպել վերապատրաստման դասընթացներ, որը հաջողությամբ ավարտածներին առաջնահերթության կարգով դիտարկել ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի տարբեր մակարդակների և տարածքների կառույցներում աշխատանքի համար,

— համալսարաններին մասնակից դարձնել բնակչության սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվելիք   քաղաքականության հայեցակարգային և իրավական փաստաթղթերի   մշակման աշխատանքներին,

— աջակցել մասնագիտական ուսումնական հաստատություններում սոցիալական աշխատանքի և օգնող այլ մասնագիտությունների գծով կրթական գործընթացների առավել արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ տեխնիկական և լաբորատոր հնարավորությունների ստեղծման գործընթացներին,  այդ գծով սովորող ուսանողների  ուսումնական և արտադրական պրակտիկաները։

Հուշագիրը ստորագրած ուսումնական հաստատություններն են․

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամ

 «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամ

 «Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

 «Վանաձորի Հովհաննես Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամ

 Գործնական հոգեբանության և սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարան