Զրույց՝ ամենահին ու ամենաժամանակակից մասնագիտության մասին

Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի աշխատակիցները շարունակում են իրենց հանդիպումները  մարզի տարբեր տեղանքների դպրոցների, վարժարանների բարձր դասարանների աշակերտների հետ՝  նրանց ներկայացնելով համալսարանական այս մասնագիտության նրբություններն ու գրավչությունը։

Այսօր «Լրագրությունը ՝ որպես ամենահին ու ամենաժամանակակից մասնագիտություն» թեմայով հանդիպում տեղի ունեցավ  Գյումրու «Ընտանիք»  մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի և  4-րդ ուսումնարանի սաների  հետ։

Զրույցի ընթացքում քննարկվեցին տարբեր հարցեր՝  նախաժուռնալիստական երևույթներից, համաշխարհային լրագրության պատմությունից  մինչև արդի փուլ։

Մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն դարձրեցին Հայաստանի Հանրապետությունում   հետաքննական լրագրության զարգացման ընթացքին՝  հարցեր ուղղելով այս ոլորտում դերակատարություն ունեցող լրագրողների ու նրանց արծարծած թեմաների մասին։  Նրանք տեղում  ծանոթացան հայ հետաքննող լրագրողների պատրաստած մի քանի հոդվածների։

Զրույցի ընթացքում խոսվեց նաև «Վաշինգտոն փոստի» երկու լրագրողների՝  Կարլ Բերնսթեյնի և Բոբ Վուդվորդի բացահայտած ամենամեծ քաղաքական կոռուպցիայի՝ Ուոթերգեյթյան սկանդալի մասին, որն ավարտվեց ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի հրաժարականով: 1972 թվականի հունիսի 17-ին վերընտրվելու համար ընտրապայքարի մեջ մտած ԱՄՆ Հանրապետական նախագահ Ռիչարդ Նիքսոնը դիմել էր ապօրինությունների, մասնավորապես գաղտնալսման համակարգ տեղադրել իր մրցակցի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջորջ Մակգովերնի շտաբում։

Սաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին այս մասնագիտության նկատմամբ, նրանք նաև ցուցադրեցին իրենց գիտելիքները՝ ակտիվ հարցուպատասխանի մեջ մտնելով բանախոսների հետ։ Քննարկումը տևեց մոտ 2 ժամ։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նորից հանդիպելու ու համատեղ ստեղծագործական աշխատանքով զբաղվելու։