ՇՊՀ-ում էին ԱՄԷ-ի դեսպանն ու հյուպատոսը

Ապրիլի19-ին Շիրակի պետական համալսրանում էին ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ․Մուհամմադ Իսա Ալ Զաաբին և դեսպանության հյուպատոս Ահլամ Ալ Սալամին:
ԱՄԷ դեսպանության հյուպատոսը դասախոսություն կարդաց Շիրակի պետական համալսարանում «Հանդուրժողականության տարին ԱՄԷ -ում» խորագրով՝ պատմելով տարվա ընթացքում կատարված այն միջոցառումներից, որոնք նպաստել են հանդուրժողականության տարածմանը:
Դասախոսության ավարտին դեսպանը և հյուպատոսը պատասխանեցին ուսանողների ու լրագրողների հարցերին:
Խոսելով համագործակցության մասին դեսպան Ն․Գ․Մուհամմադ Իսա Ալ Զաաբին ընդունեց ՇՊՀ արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի առաջարկը՝ համատեղ ծրագրեր իրականացնելու, ԱՄԷ-ի համալսարանների հետ համագործակցություն սկսելու, հեռաուսուցման դասընթացներ կազմակերպելու վերաբերյալ: Դեսպանը նաև խոստացավ ՇՊՀ լավագույն ուսանողի համար այց կազմակերպել Արաբական Միացյալ Էմիրություններ:
Քննարկումից հետո հյուրերը շրջեցին համալսարանում, ծանոթացան բուհի նյութատեխնիկական հնարավորություններին, եղան գրադարան-ընթերցասրահում:
Համատեղ գործունեության հետագա քայլերը կանոնակարգելու պատրաստակամությամբ կողմերը պայմանավորվեցին հանդիպումները դարձնել պարբերական: