ՇՊՀ ռազմական ամբիոն 3-րդ կուրս. ՀՀ անկախության 28-ամյակին նվիված միջոցառումներ

ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Շիրակի պետական համալսարանի ռազմական ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողները կուրսղեկ, փոխգնդապետ Վարդան Մուրադյանի գլխավորությամբ եղան Եռաբլուր պանթեոնում և պատմամշակութային մի շարք վայրերում:

Ռազմական գործի նվիրյալները Եռաբլուր պանթեոնում ծաղիկներ խոնարհեցին ու հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտի, Քառօրյա պատերազմի զինծառայողների, Զորավար Անդրանիկի, Վ. Սարգսյանի և մյուս ազատամարտիկների ու զինվորականների հիշատակին:

Էջմիածնի գանձատուն թանգարանում ուսանողները հնարավորություն ունեցան տեսնել ցուցադրված բացառիկ նմուշները՝ Սուրբ Գեղարդը, որով խոցել են Քրիստոսին, Նոյյան տապանի մասունքը, Հիսուս Քրիստոսի սուրբ Խաչափայտի մասունքը, Կոմիտաս վարդապետի խույրը: Ուշագրավ էին աշխարհի տարբեր անկյուններից բերված ձեռագիր մատյանները, եկեղեցական սպասքի, նվիրական առարկաների, զգեստների, վարագույրների ու գորգերի հարուստ հավաքածուն: Ուսանողները եղան նաև ազգային գործիչ ու բարերար, Ալեք Մանուկյանին նվիրված սրահում, որտեղ պահվում են նրա անձնական իրերը: Ի դեպ, հենց նրա միջոցներով ու Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսի նախաձեռնությամբ է կառուցվել գանձատուն թանգարանը:

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում ռազմական ամբիոնի ուսանողները ծաղիկներ խոնարհեցին հայ ժողովրդի համար բախտորոշ ճակատամարտում անմահացած հերոսամարտիկների հուշակոթողին:

Հայրենաճանաչության հերթական դասը հուշահամալիրի տարածքում գտնվող Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան այցելությունն էր, ուր ներկայացված է հազարամյակների պատմությունն ու արխիվային նյութերի հավաքածուներ, կրոնա-պաշտամունքային առարկաներ, աշխատանքային գործիքներ, կարպետներ, կահույք, ազգային տարազ և զարդեր, արհեստները, ազգային խոհանոցը խորհրդանշող նմուշներ:

Շրջագայության հաջորդ կանգառը Օշականն էր: Ուսանողները եղան Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, խոնարհվեցին հայ գրության հիմնադիր ու հայերի առաջին ուսուցիչ Մաշտոցի գերեզմանին:

Ուսանողների համար բացահայտում էր Արագածոտնի մարզում գտնվող Դաշտադեմի ամրոց այցելությունը: Ամրոցը կառուցվել է 7-րդ դարում՝ Կամսարականների կողմից: Ժամանակին ռազմավարական նշանակություն ունեցող ամրոցն այսօր կիսավեր է, չնայած վերջին տարիներին հիմնանորոգվել է եկեղեցին, մասնակիորեն վերականգնվել է ամրոցի պատերն ու միջնաբերդը, իրականացվել են պեղումներ:

Փոխգնդապետ Վ. Մուրադյանը կարևորում է ռազմական ամբիոնի ուսանողների հետ հայրենաճանաչությանը, ազգային արժեքների պահպանմանն ու սերունդների դաստիարակությանը միտված նախաձեռնությունների իրականացումն ու վստահեցնում, որ միջոցառումները շարունակական են լինելու: