Դեղին մամուլի, բլոգերության ու ժամանակակից լրագրության մասին․ երկխոսություն ապագա դիմորդների հետ Ախուրյանում

Շիրակի պետական համալսարանի լրագրության բաժնի աշխատակիցները փետրվարի 21-ին մասնագիտական կողմնորոշման դասընթաց անցկացրեցին «Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ-ի 12-րդ դասարանի աշակերտների համար։

Բանախոսները ներկայացրեցին լրագրողի մասնագիտական առանձնահատկություններն ու աշխատաշուկայում ունեցած մեծ պահանջարկը։ Խոսք գնաց նաև քաղաքացիական լրագրությունից, սոցիալական ցանցերից, բլոգերությունից։ Աշակերտներից ոմանք նշեցին, որ թավշյա հեղափոխության օրերին իրենց սոցիալական ցանցերի էջերով ուղիղ եթեր են մտել՝ փորձելով հետևորդներին ու ընկերներին տեղեկություններ տրամադրել իրադարձության վայրից, ավելին, պարբերաբար լուսանկարներ են հրապարկում իրենց համայնքների կյանքից։ Աշակերտներից մեկն էլ, որը պատրաստվում է ընդունվել ՀՀ ոստիկանության ակադեմիա, նշեց, որ ունի իր բլոգը, տեղադրում է նյութեր տարբեր ոլորտներից, երբեմն ստեղծագործում է՝ հետաքրքիր վերնագրեր փնտրելով։  Աշակերտներն առանձնահատուկ հետաքրքասիրություն ցուցաբերեցին ժուռնալիստիկայի համաշխարհային պատմության որոշ դրվագների շուրջ, ցույց տվեցին իրենց գիտելիքները հայ լրագրության պատմությունից․ ներկայացրեցին Հնդկաստանի Մադրաս քաղաքում՝ 1794 թվականի հոկտեմբերի 16-ին լույս տեսած անդրանիկ թերթը՝ « Ազդարար»-ն՝ իր շոշափած թեմաներով։ Հարց հնչեց նաև դեղին մամուլից ու կոմիքսներից։ Մասնագետները խոսեցին դեղին մամուլի հիմնադիրներից մեկի՝ Ժոզեֆ Պուլիտցերի ու նրա անվամբ տրվող պուլիտցերյան մրցանակի մասին։ Խոսքն ամերիկյան ամենահեղինակավոր մրցանակի մասին է, որը տրվում է 1917 թվականից լրագրության, գրականության, թատրոնի և երաժշտության ասպարեզում հասած հաջողության համար։ Մրցանակը 10000 ԱՄՆ դոլար է։

Ավագ դպրոց հյուրընկալված լրագրողները պատմեցին այն մասին, թե ինչպես հունգարական փոքրիկ Մակո քաղաքում ծնված, ԱՄՆ գաղթած, բացարձակ անգլերեն չիմացող ու տեսողական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդը իր մեծ աշխատասիրության շնորհիվ նորարություն մտցրեց լրագրության մեջ․ սենսացիաների, այսպես ասած ճչացող վերնագրերի, շքեղ նկարազարդումների միջոցով նա ամերիկյան թերթերը հասցրեց մեծ տպաքանակի՝ մասսայական լսարան ձեռք բերելով։ «New York World»-ն ամերիկյան առաջին թերթն էր, որը կիրառելով Պուլիտցերի թելադրած նոր լրագրության կանոնները՝ 1889 թվականին տպագրեց գունազարդ կոմիքսներ։ Հումորային տեքստերով նկարաշարում մի տղա էր ՝ դեղին վերնաշապիկով։ Նրա արտաքինն այնքան տարբեր էր մյուսներից, որ նրան անվանեցին «դեղին տղա»։ Դրանից հետո գրեթե բոլոր թերթերը հումորային նկարների շարք մտցրեցին՝ գլխավոր հերոս դարձնելով դեղին երեխային։ «New York Press»-ի խմբագիրը, սակայն, խիստ քննադատության ենթարկեց այս բոլոր թերթերին՝ նրանց անվանելով «դեղին մամուլ» ու նշելով, որ խմբագիրները ընթերցողների մեծ բանակ ապահովելու համար բացարձակ չեն ամաչում իրենց կիրառած մեթոդներից:
Ախուրյան այցելած մասնագետները իրենց օրինակով խոսեցին նաև ժամանակակից լրագրության պահանջների մասին։ Նկատելի էր ապագա դիմորդների մեծ հետաքրքրասիրությունն այս լուրջ մասնագիտության հանդեպ։