Էրազմուս+ տեղեկատվական օր ՇՊՀ-ում

Նոյեմբերի 24-ին ՇՊՀ-ում մեկնարկեց Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի կողմից իրականացվող Էրազմուս+ տեղեկատվական հանդիպումների շարքը։

Ամեն տարի անցկացվող հանդիպմանը մասնակցում էին Գյումրու բուհերի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ։

Մասնակիցներին ողջունեցին ու արդյունավետ ընթացք մաղթեցին ՇՊՀ ռեկտոր Երվանդ Սերոբյանը և Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան։ ՇՊՀ ռեկտորը կարևորեց բուհի մասնակցությունն ինչպես Էրազմուս+ բուհական կարողությունների զարգացման, այնպես էլ ակադեմիական շարժունության ծրագրերին, հույս հայտնեց, որ այս տարի ՇՊՀ-ն ավելի շատ ներգրավվածություն կունենա Էրազմուս+ գործողություններում։

Բուhերի կարողությունների զարգացման ծրագրերի մրցույթին ընդառաջ՝ Լանա Կառլովան ներկայացրեց Էրազմուս+ 2021-2027 ծրագրի հնարավորությունները բարձրագույն կրթության ոլորտում, խոսեց նաև 2021թ-ից նոր մեկնարկած Էրազմուս Մունդուս Նախագծեր (Erasmus Mundus Design Measures) գործողության հնարավորությունների մասին։

Դասախոսների և վարչական կազմի համար վերապատրաստում անցկացրեց Էրազմուս+ Բարձրագույն կրթության բարեփոխումների փորձագետ Արևիկ Օհանյանը՝ «Բուհական դրամաշնորհներ․ ինչ է պետք իմանալ» թեմայով։ Մասնակիցները թիմային աշխատանք կատարեցին և դրամաշնորհային ծրագրեր կազմելու գործնական հմտությունները զարգացրեցին։ Փորձագետը կարևորեց նաև  դրամաշնորհային ծրագրեր կազմելիս առաջնահերթությունների մշակումը, դրանցում բուհի և կրթության ազգային ռազմավարության արտացոլումը։

Ուսանողների և շրջանավարտների հետ զուգահեռ անցկացված հանդիպմանը Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի ներկայացուցիչներ Վարդ Ղուկասյանը և Էդիթ Սողոմանյանը տեղեկություններ տվեցին Էրազմուս Մունդուս և Էրազմուս+ կրթաթոշակներին դիմելու կարգի, ժամկետների, պայմանների մասին, պատասխանեցին մասնակիցների հարցերին։

Ի դեպ, Էրազմուս+ 2023թ․ առաջարկների մրցույթն արդեն հայտարարված է, մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով՝ https://bit.ly/3OD6F1e