Հրատարակվել է «Շիրակի զբոսաշրջային ռեսուրսները» գիրքը՝ ՇՊՀ-ի ներբուհական դրամաշնորհի շրջանակում

Շիրակի պետական համալսարանի ներբուհական դրամաշնորհի շրջանակում աշխարհագրության, կենսաբանության և քիմիայի ամբիոնը կատարած հետազոտական աշխատանքները ամբողջացրել է «Շիրակի զբոսաշրջային ռեսուրսները» գրքում։

Գրքում ներկայացված են Շիրակի մարզում գտնվող բոլոր այն օբյեկտները, որոնք զբոսաշրջային հետաքրքրություն են ներկայացնում: Աշխատանքը  Շիրակի մարզի զբոսաշրջային ռեսուրսների առաջին և մանրամասն հետազոտությունն է, որտեղ բացի զբոսաշրջային օբյեկտների նկարագրությունից, տրված է նաև դրանց գնահատման մեթոդիկան:

Գրքի համահեղինակներ են պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Վարդիթեր Աբրահամյանը, երկրաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Ռուդոլֆ Սարգսյանը: Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են եղել նաև  ուսանողներ (այժմ արդեն շրջանավարտներ) Հերմինե Սարգսյանը և Աստղիկ Հակոբյանը: Երկամյա աշխատանքները ղեկավարել է նույն ամբիոնի վարիչ աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Մարտիրոսյանը:

Գրքի շնորհանդեսը կկայանա առաջիկայում՝ Շիրակի պետական համալսարանում։