ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄՐՑՈՒՅԹ «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» (AMERICAN STUDIES) ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Երևանի պետական համալսարանը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Ամերիկյան հետազոտություններ» (American Studies) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում հայտարարում է ամերիկագիտության բնագավառին վերաբերող հետազոտական աշխատանքների մրցույթ. մասնավորապես, խրախուսվում են ԱՄՆ ժամանակակից հասարակական- քաղաքական իրողություններին, տնտեսությանը և բիզնեսին, քաղաքացիական հասարակությանը, միջազգային և տարածաշրջանային հարթություններում ԱՄՆ ներգրավվածությանն ու դերակատարությանը, ամերիկյան հոգևոր-մշակութային կյանքին, ինչպես նաև ԱՄՆ պատմության առանձին դրվագներին վերաբերող հետազոտություններ:

Մրցույթի նպատակներն են՝

  • Ընդլայնել և հարստացնել ամերիկագիտական հետազոտությունների գիտահետազոտական ներուժը,
  • Խրախուսել ամերիկագիտության բնագավառում ակադեմիական և կիրառական բնույթի հետազոտությունների իրականացումը:

Մրցույթին մասնակցելու համար հրավիրվում են ամերիկագիտության կամ հարակից ակադեմիական գիտակարգերի բնագավառում գիտահետազոտական հետաքրքրություններ և փորձ ունեցող հետազոտողներ:

Մրցույթին մասնակցության պայմաններն են`

  • Մրցույթում հաղթող ճանաչված թեմատիկ հետազոտական աշխատանքները իրականացնելու վերջնաժամկետը`  2022թ. մայիսի 30:
  • Հաղթող ճանաչված հայտերի նախատեսվող ֆինանսական աջակցությունը` մինչև 3500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներն են`

  • Առնվազն երեք տարվա գիտահետազոտական փորձառություն.
  • Գիտական աստիճան հասարակական գիտությունների ոլորտում.
  • Միջազգային ակադեմիական հետազոտական փորձառությունը կդիտվի որպես առավելություն.
  • Հետազոտական խմբի կողմից հայտ ներկայացվելու դեպքում առաջնահերթությունը կտրվի երիտասարդ գիտաշխատողների ներգրավվածությամբ հետազոտական նախագծերին:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

  • ինքնակենսագրական (CV).
  • գիտական հետաքրքրությունների շրջանակի (Statement of Interests) նկարագրություն՝ 3-5 էջի սահմանում.
  • հետազոտական առաջարկ (Research Proposal)`  առավելագույնը 1500 բառի սահմաններում` առաջարկված թեմատիկաներից որևէ մեկի շրջանակում:

Մրցույթի մասնակիցներն իրենց դիմումները կարող են ներկայացնել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն, կամ ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝   «Ամերիկյան   հետազոտություններ»   ծրագրի   ղեկավար,   պրոֆ․Ալ․ Մարգարովին՝ amarkarov@ysu.am և «Ամերիկյան հետազոտություններ» ծրագրի համակարգող, ԵՊՀ Ամերիկյան հետազոտությունների կենտրոնի տնօրեն, դոցենտ Վ․ Ագլյանին՝ aglyan@gmail.com, էլեկտրոնային փոստի հասցեներին:

Մրցույթի մասնակիցների դիմումների ընդունման վերջնաժամկետը`  2021թ. hոկտեմբերի 29: