Աշխատանքային այցով ՇՊՀ-ում էր ԿԳՄՍ փոխնախարարը

Հոկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում էին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Էդգար Ալեքսանյանը։

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը ողջունեց հյուրերին, ապա ներկայացրեց համալսարանի պատմության առանցաքային դրվագներն ու զարգացման հնարավորությունները։

Շիրակի պետական համալսարանի ստորաբաժանումների ղեկավարների, դեկանների և ամբիոնների վարիչների հետ հանդիպմանը փոխնախարարը նշեց, որ առաջին անգամ է Շիրակի մայր բուհում, ուստի նպատակ ունի ծանոթանալու բուհի կրթական միջավայրին և գործունեությանը, ընթացիկ խնդիրներին և բարեփոխումներին ուղղված ծրագրերին:

Ծավալված քննարկմանը բարձրաձայնվեցին համալսարաններում գիտական գործունեության զարգացման պետական մոտեցումների, բնագիտական առարկաների նկատմամբ դիմորդների հետաքրքրության նվազման, բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունման, դասախոսների` սոցփաթեթներից օգտվելու հնարավորության հետ կապված և այլ հարցեր։

ԿԳՄՍ փոխնախարարն ու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը հանդիպում ունեցան նաև ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի ներկայացուցիչների հետ, ծանոթացան ուսխորհրդի գործունեությանը, լսեցին ուսանողների առաջարկները՝ միտված կրթության որակի բարելավմանը, քննարկեցին հոգաբարձուների խորհրդի ձևավորման գործընթացին ուսանողների մասնակցությանը վերաբերող հարցեր։

Հանդիպումների ավարտին հյուրերը շրջեցին համալսարանում, ծանոթացան բուհի նյութատեխնիկական հնարավորություններին, եղան գրադարանում, սպորտային դահլիճներում, լսարաններում, մանրէաբանության և կենսաքիմիայի լաբորատորիայում։

Կարեն Թռչունյանը, դրական արձագանքելով դասախոսների և ուսանողների կողմից բարձրացված հարցերին ու առաջարկներին, հնարավոր բոլոր ուղղություններով համագործակցելու և համապատասխան լուծումներ գտնելու պատրաստակամություն հայտնեց։