Հանդիպում որակի աջակից-ուսանողների հետ․ օր 1

Փետրվարի 22-ին Շիրակի պետական համալսարանի Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մագիստրատուրայում սովորող որակի աջակից-ուսանողների հետ։
Հանդիպման ընթացքում Գայանե Ավետիսյանն անդրադարձավ «Կրթության որակ» հասկացությանն ու դրա ապահովման հարցերին, ինչպես նաև ներկայացրեց ՇՊՀ որակի ապահովման ներքին համակարգն ու այն սկզբունքները, որոնցով համալսարանում իրականացվում են որակի ապահովման գործընթացները։ Որակի ապահովման բաժնի պետը նշեց, որ ուսանողակենտրոն ուսումնառությունը ՇՊՀ հիմնադրամի համար ռազմավարական գերակայություն է և համալսարանի առաջնային նպատակն է մատուցել որակյալ կրթական ծառայություններ՝ որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին, շահառուների և շահակիցների կարիքներին համապատասխան։
Գայանե Ավետիսյանն անդրադարձ կատարեց նաև ՇՊՀ-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված նոր կենտրոնների և բաժինների գործունեությանը, ինչպես նաև ներկայացրեց «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման» և «Բակալավրիատի առկա/հեռակա և մագիստրատուրայի կրեդիտային կրթական ծրագրերով ուսումնառության արդյունքների գնահատման և բողոքարկման» ընթացակարգերում ի շահ ուսանողների կատարված փոփոխությունները։
Այնուհետև Որակի ապահովման պատասխանատու Շուշաննա Սահակյանն ուսանողներին ներկայացրեց 2023-2024 ուստարում «ՇՊՀ ուսանողների կողմից պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական, մանկավարժական և կազմակերպչական կոմպետենցիաների գնահատման», «Մագիստրատուրայի շրջանավարտների կողմից բուհում ստացած կրթության, բուհի մասնագիտական և կազմակերպչական գործընթացների» և «Մագիստրատուրայի կրթական ծրագրով առաջին կուրսերի ուսանողների՝ բուհում իրականացվող կրթական գործընթացներից ակնկալիքների գնահատման» թեմաներով արված հարցումների արդյունքները։
Հանդիպումն անցավ ակտիվ քննարկումների մթնոլորտում. Գայանե Ավետիսյանը պատասխանեց ուսանողների հարցերին։
ՇՊՀ-ում այլևս մեկնարկեց «Ուսանողի ձայն» նախագիծը: