«Նալբանդյանցիների» հիշատակին նվիրված հուշակոթող ՇՊՀ-ի բակում

Շիրակի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքի բակում այսօր տեղի ունեցավ երկրաշարժի ժամանակ նահատակված և անկախության տարիներին մեր պետության և հայրենիքի համար զոհված «Նալբանդյանցիների» հիշատակին նվիրված հուշակոթողի բացումը։ Հուշարձանի բացման պատիվը վերապահվել էր 44-օրյա պատերազմի մասնակից ՇՊՀ-ի երեք ուսանողներին։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը նշեց․ «Հուշակոթողի բացման օրը պատահական չենք ընտրել․ Սեպտեմբերի 17-ին Հայ առաքելական եկեղեցին ու հավատավոր ժողովուրդը նշում են Խաչվերացը, հաջորդ օրը հիշատակում ննջեցյալներին: Հուշակոթողը մեզ համար դառնալու է սրբավայր, որտեղ ծաղիկներ դնելով մեր հիշատակի ու հարգանքի տուրքն ենք մատուցելու զոհված «Նալբանդյանցիներին»։ Նա բոլորին խորհուրդ տվեց շարունակել ապրել ու առաջ գնալ, բայց երբեք չմոռանալ նրանց, ովքեր մեզ հետ էին այդ ճանապարհին։

Սառնաղբյուրի հոգևոր հովիվ Տեր Տաթև Մարուքյանն իրականացրեց հոգեհանգստի արարողության կարգ։

Հուշարձանի տեղադրման աշխատանքներում «Շիրակի Մ․ Նալբանդայի անվան պետական համալսարան» հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցության, աջակցության և վստահելի գործընկերության համար ՇՊՀ-ի ռեկտոր Ե․ Սերոբյանը շնորհակալագրեր հանձնեց Գ․ Քոչարյանին, է․ Այդումյանին և Վ․ Քոչարյանին։