Հանդիպում-քննարկումներ ՇՊՀ-ում` ուսանողների կարիքների վերհանման և դրանց հնարավոր լուծումնների քննարկման մասին

Մարտի 13-15-ը Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում տեղի ունեցան հանդիպում-քննարկումներ Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանի, Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանի, Ուսանողների աջակցության բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանի, ֆակուլտետների դեկանների, Ռազմական ամբիոնի պետ, գնդապետ Արթուր Մկրտչյանի, ուսումնական խորհրդատուների և կուրսերի ավագների մասնակցությամբ:

Հանդիպումներն իրականացվում են «Շիրակի Մ․ Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգի համաձայն, և ինչպես իր խոսքում նշեց ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ԺՊ Նազելի Ավետիսյանը, այս հանդիպումներն իրականացվելու են յուրաքանչյուր կիսամյակ՝ քննաշրջանի ավարտից հետո։ Հանդիպումների նպատակն է, նախ, բացահայտել ուսանողների իրազեկվածության մակարդակը, որից հետո վեր հանել ուսանողների կարիքները և դրանց համար տալ բոլոր հնարավոր լուծումները։

Որակի ապահովման բաժնի պետ Գայանե Ավետիսյանը մասնակիցներին ներկայացրեց, որ ուսանողակենտրոն ուսումնառությունը ՇՊՀ հիմնադրամի համար ռազմավարական գերակայություն է․ համալսարանի առաջնային նպատակն է մատուցել կրթական որակյալ ծառայություններ՝ որակավորումների ազգային և ոլորտային շրջանակներին համապատասխան։ Գ. Ավետիսյանը մասնակիցներին ծանոթացրեց ՇՊՀ-ի «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգում» ամրագրված մի քանի դրույթների, որոնք առավելապես վերաբերում են ուսանողների ակադեմիական և սոցիալական կարիքների վերհանմանը, ինչպես նաև ուսումնական խորհրդատուների իրավունքներին ու պարտականություններին: Գ. Ավետիսյանն անդրադարձավ նաև «Ուսանողության ձայն» նախագծի նպատակներին ու խնդիրներին:

Այնուհետև Ուսանողների աջակցության բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանը ներկայացրեց բաժնի կողմից իրականացվող գործառույթները, խոսեց «Բողոքների, դժգոհությունների և առաջարկությունների արկղի», ինչպես նաև ՇՊՀ-ի կայքէջում բաժնի պատուհանում տեղ գտած նորություններին մասին՝ հորդորելով ուշադրություն դարձնել տեղադրվող հայտարարություններին՝ անհրաժեշտության դեպքում կապ հաստատելով «Հետադարձ կապ» ենթամենյուի միջոցով։

Հանդիպումներն ընթացան քննարկումների և հարց ու պատասխանի միջավայրում։