Հանդիպում-քննարկում ուսանողների կարիքների վերհանման նպատակով

Այսօր Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանի, կենտրոնների տնօրենների, Որակի ապահովման բաժնի պետի և Ուսանողական խորհրդի անդամների միջև տեղի ունեցավ հանդիպում-քննարկում ուսանողների կարիքների վերհանման և դրանց համար հնարավոր լուծումներ գտնելու նպատակով։

ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ ուսանողների կարիքների բացահայտումը և օժանդակումը բուհի ռազմավարական առաջնահերթություններից մեկն է, որը կանոնակարգվում է «Ուսանողների կարիքների բացահայտման և օժանդակման կարգով»: Վերջինս սահմանում է համալսարանի ուսանողների գիտակրթական, սոցիալ-մշակութային կարիքների մշտադիտարկման, ուսումնասիրման, բացահայտման և դրանց բավարարման գործընթացները՝ միտված որակյալ կրթական միջավայրի ապահովմանը։

Ռեկտորն առաջարկեց մասնակիցներին լինել հնարավորինս անկեղծ և անկաշկանդ ներկայացնել այն բոլոր խնդիրները, որոնք առկա են բուհում։ Այնուհետև ուսանողներն անդրադարձան իրենց հուզող հարցերին ու մտահոգություններին, որոնց հանդիպում են ուսումնառության ընթացքում։

Ծավալվեց ակտիվ հարց ու պատասխան․ բուհի ռեկտորը և ներկաները պատասխանեցին ուսանողներին հետաքրքրող հարցերին՝ խոստանալով յուրաքանչյուր հարցի համար գտնել համապատասխան լուծման ուղիներ։