Կրթական ծառայությունների մատուցման համակարգի արդիականացումը ՇՊՀ-ի «ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի շրջանակներում

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի /ՆՄՀ/ «Կրթության բարելավում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ՇՊՀ-ում 2016թ. դեկտեմբերից ընթացող «ՆՈՐԿԵՆՏ» ծրագիրը ուսումնական գործընթացի կազմակերպման ու իրականացման գործընթացի արդիականացման, կրթական նոր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ հեռաուսուցման, շարունակական /ցկյանս/ կրթության ներդրման ու կիրառման բացառիկ հնարավորություն է:

Ծրագրի շրջանակներում, ՇՊՀ համաֆինանսավորմամբ, նախատեսվում է հիմնել լրացուցիչ և շարունակական /ցկյանս/ կրթության կենտրոն՝ իր երկու ռեսուրս-կենտրոններով, որտեղ ուսումնառությունն ու դասավանդումը կիրականացվի հեռաուսուցման համակարգի կիրառմամբ: Դա հնարավորություն կտա Շիրակի մարզի աշխատաշուկայի, գործատուների պահանջների բավարարման նպատակով պարբերաբար կազմակերպել և անցկացնել շարունակական վերապատրաստման մասնագիտական դասընթացներ ոչ միայն ՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի, այլև ՀՀ և միջազգային համագործակցության ցանցի մեր գործընկեր բուհերի մասնակցությամբ:

Կարևորելով ուսանողներին մատուցվող մասնագիտական խորհրդատվության անհրաժեշտությունը՝ ռեսուրս-կենտոններից մեկը ծրագրի շրջանակներում կկահավորվի համակարգչային տեխնիկայով ու ծրագրերով, էլեկտրոնային ռեսուրսներով, ինչպես նաև մասնագիտական գրականությամբ, ինչը հնարավորություն կտա սովորողներին ուսումնական պլաններով նախատեսված ինքնուրույն աշխատանքի ժամերը դարձնել ավելի հագեցած ու արդյունավետ՝ համապատասխան մասնագետների աջակցությամբ:

ՇՊՀ-ի համաֆինանսավորմամբ հիմնովին վերակառուցված նիստերի դահլիճն ու կից կառուցվող սրահը կրթական ծառայությունների մատուցման ժամանակակից մի համալիր կդառնան՝ կահավորված համաժամանակյա /սինխրոն/ թարգմանության և հեռուստակոնֆերանսի համակարգերով, հեռաուսուցման իրականացման արդիական տեխնիկայով:

«ՆՈՐԿԵՆՏ» ծրագրի շրջանակներում ձեռք են բերվել նշված տեխնիկան ու կահույքը, և ներքին հարդարման աշխատանքների ավարտից հետո այդ հոյակապ դահլիճն իր դռները կբացի ոչ միայն մեր ուսանողների ու դասախոսների, այլև Շիրակի մարզի բոլոր գործատուների առջև:

«ՆՈՐԿԵՆՏ» ծրագիրը հնարավորություն կտա կազմակերպել ու անցկացնել վերապատրաստման դասընթացներ հեռաուսուցման, ներառական կրթության կազմակերպման, ինչպես նաև կայուն տուրիզմի զարգացման ու մարզամշակութային միջոցառումների անցկացման գծով, մշակել համապատասխան ուսումնական նյութերի փաթեթներ և տեղադրել ՇՊՀ էլեկտրոնային ուսուցման համակարգում: Իսկ ծրագրի ավարտից հետո նախատեսվում է մշակել և ներդնել Շիրակի մարզի աշխատանքի շուկայի պահանջներին համահունչ մասնագիտություններ՝ նպատակ ունենալով առավելագույնս բազմազան ու արդիական դարձնել ազգաբնակչության կրթական պահանջմունքների բավարարման գործընթացը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։