«Խաղաղության գինը» խորագրով միջոցառում ՇՊՀ-ում

Սեպտեմբերի 26-ին  Շիրակի պետական համալսարանը և Գյումրու կայազորը համատեղ իրականացրեցին  «Խաղաղության գինը» խորագրով միջոցառում՝ նվիրված լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ծննդյան 40-րդ տարելիցին:

Հայազգի լեյտենանտը 2004 թվականին մասնակցում էր  ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ուսումնական դասընթացներին,  երբ քնած ժամանակ սպանվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից:

Խաղաղության և հերոսության ընկալումները տարբեր են հարևան երկրներում: Հայկական կողմից խաղաղության պարտադրանքը ևս մեկ անգամ շեշտելու, Գուրգեն Մարգարյանի հիշատակը հարգելու նպատակով անցկացվող միջոցառումը մեկնարկեց ՇՊՀ բակում Գյումրու կայազորի զինվորական նվագախմբի ելույթով:

Շիրակի մայր բուհի դահլիճում իր աշխատանքների ցուցադրությամբ խաղաղություն էր քարոզում Արտակ Թադևոսյանը: Գյումրեցի արվեստագետը տարբեր տրամաչափերի պարկուճներից կանացի խորհրդանշական զարդեր է պատրաստում՝ բոլոր զենքերը զարդերի վերածելու նշանաբանով:

Գուրգեն Մարգարյանի կյանքի և ողբերգական օրվա մասին հիշատակումները ցավալի ու հուզիչ են, բայց միևնույն  ժամանակ դաս են հայերիս համար՝ խաղաղություն պարտադրելու հարևան երկրին:

Շիրակի պետական համալսարանում խաղաղության կոչով հանդես եկան համալսարանի և քաղաքային ու մարզային իշխանության ներկայացուցիչները:

Համալսարանի ճեմասրահում էլ ընթացան  զենքի քանդման-հավաքաման,  շախմատի և շաշկիի մրցույթներ՝ զինվորների և ուսանողների մասնակցությամբ: Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած  մասնակիցները պարգևատրվեցին, իսկ միջոցառման ավարտն ազդարարվեց ամբողջ աշխարհին խաղաղության և համերաշխության կոչով: