ՇՊՀ-ում էին Շվեդիայի համալսարանների ներկայացուցիչները

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին «Համալսարանների միջազգայնացման խթանում» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Շվեդական ինստիտուտի և Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանի ներկայացուցիչները:

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի և արտաքին համագործակցության և հասրակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի հետ հանդիպմանը հյուրերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղղությունները:

Շվեդական ինստիտուտի ծրագրերի համակարգող Կամիլա Ռիստելը, Ստոկհոլմի թագավորական տեխնիկական համալսարանի միջազգային դեպարտամենտի ղեկավար Կարին Նուտսոնը և ծրագրերի համակարգող Վիկտոր Կորդասը ներկայացրին իրենց համալսարաններում իրականացվող կրեդիտային շարժունության ծրագրերը, համատեղ մագիստրոսական ծրագրերը, խոսեցին շվեդական կրթական համակարգի մասին:

Ե. Սերոբյանն էլ ներկայացնելով Շիրակի մայր բուհի հնարավորություններն ու Հայաստանի հյուսիսային տարածաշրջանում մեծ դերակատարումը, առաջարկեց համատեղ ծրագրեր իրականացնել բնական գիտությունների ուղղությամբ՝ հաշվի առնելով բուհի լաբարատոր հնարավորություններն ու այդ ոլորտում ուսանողների նվազող թվաքանակը:

Կողմերը  պայմանավորվածություններ ձեռք բերեցին համագործակցությունն ամրապնդելու և համալսարանների միջազգայնացումը խթանելու նպատակով:

Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին համալսարանում, ծանոթացան նյութատեխնիկական հնարավորություններին, եղան վերջերս մանրէաբանության և կեսնատեխնոլոգիայի ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայում: