Մեկնարկել է Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագիրը

Հարգելի ուսանողներ,

Լեհաստանում ՀՀ դեսպանությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԼՀ ԱԳՆ «Լեհական օգնություն» (www.polskapomoc.gov.pl) հիմնադրամը տեղեկացնում է 2019-2020թթ. ուստարվա Ստեֆան Բանախի կրթաթոշակային ծրագրի մեկնարկի մասին:

Լեհ մաթեմատիկոս, Լվովի մաթեմատիկայի դպրոցի համահիմնադիր Ստեֆան Բանախի անվան ծրագիրն իրականացվում է Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության կողմից: Ծրագրի նպատակն է աջակցել զարգացող երկրների սոցիալ-տնտեսական աճին` նպաստելով այդ երկրների կրթական մակարդակի և քաղաքացիների մասնագիտական հմտությունների բարձրացմանը: Կրթաթոշակային ծրագրի հնարավոր շահառուներն են Արևելյան գործընկերության, Միջին Ասիայի և Բալկանյան երկրների ուսանողները:

Ծրագիրը հնարավորություն է ընձեռում ուսանել Լեհաստանի համալսարանների ինժեներական, տեխնիկական, գյուղատնտեսական, ինչպես նաև ճշգրիտ և բնական գիտությունների ֆակուլտետների մագիստրատուրայի բաժիններում:

Դիմելու վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը: Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ Լեհաստանի ակադեմիական փոխանակումների ազգային գործակալության հետևյալ կայքէջից և լեհերեն տեսանյութից: