ՇՊՀ-ում ռեկտոր չընտրվեց

Մարտի 2-ին Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթը:

ՇՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար ինքնառաջադրմամբ հայտ էր ներկայացրել 4 հավակնորդ: ՇՊՀ կանոնադրության 56-րդ հոդվածում սահմանված պահանջներին լիարժեք չբավարարելու պատճառով, թեկնածուներից մեկը ինքնաբացարկ էր հայտարարել, թեկնածուներից մյուսի հայտն էլ մերժվեց մրցույթի օրը՝ չափորոշիչներին չբավարարելու պատճառով:
ՇՊՀ կանոնադրության 56-րդ հոդվածում սահմանված պահանջներով ռեկտորի պաշտոնում կարող է ընտրվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ով ունի գիտական աստիճան, բուհում առնվազն 3 տարվա դասավանդման փորձ եւ վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա հանրային կառավարման կամ բարձրագույն կրթության համակարգում առնվազն 5 տարվա վարչական աշխատանքի ստաժ:
Մինչև երեկո ռեկտորի պաշտոնի 2 թեկնածուները ՇՊՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Անդրանիկ Սարգսյանը և  «Եվրասիա» միջազգային համալսարանի օտար լեզուների եւ գրականության ամբիոնի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լուսինե Ֆլջյանը ներկայացրեցին իրենց ծրագրերը, պատասխանեցին հոգաբարձուների խորհրդի անդամների, ինչպես նաև նիստին ներկա ուսանողների ու դասախոսների հարցերին, ունեցան հանրավորություն միմյանց հարցեր հղելու:

ՇՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով թեկնածուների ծրագրերը ներկայացնելուց և հարցուպատասխանից հետո կազմվեց հաշվիչ հանձնաժողով և կայացավ փակ գաղտնի քվեարկություն:

Ընտրությանը մասնակից հոգաբարձուների 23 անդամների ձայները բաշխվեցին հետևյալ կերպ.
Սարգսյան Անդրանիկ- 8 քվե
Ֆլջյան Լուսինե- 6 քվե
Անվավեր քվեաթերթիկ- 9

Հոգաբարձուների խորհուրդը ՇՊՀ ռեկտորի ընտրության կանոնակարգով առաջնորդվելով ընդունեց քվեարկության արդյունքների հիման վրա ընտրությունը չկայացած համարելու և ռեկտոր չընտրվելու մասին որոշում:

8 ժամ տևած մրցույթը հեռարձակվել է ուղիղ եթերով՝ յութուբում և ֆեյսբուքում:

 ՇՊՀ ռեկտորի ընտրություն/ամբողջական տեսագրություն/