Տեղեկատվական հանդիպում ERASMUS+ AbioNet ծրագրի շրջանակներում

Մարտի 1-ին Շիրակի պետական համալսարանի բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում ERASMUS+ AbioNet-”Armenian Network of Excellence in Bio-products Science and Technology” («Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց») ծրագրի շրջանակներում կայացավ տեղեկատվական հանդիպում ֆակուլտետի դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Ծրագիրն իրականացնող աշխատանքային թիմից Ա. Գրիգորյանը ներկայացրեց ծրագրի նպատակը, խնդիրները, առաջիկա անելիքներն ու այլ մանրամասներ:

«Բիոարտադրանքների գիտության և տեխնոլոգիաների հայաստանյան գերազանցության ցանց» ծրագրի  համակարգումն իրականացվում է Հունաստանի Սալոնիկի տեխնոլոգիական ինստիտուտի կողմից, իսկ հիմնական նպատակը կենս-արտադրանքների գիտության և տեխնոլոգիաների գերազանցության ցանցի հիմնումն է:

Ծրագրից ակնկալվող արդյունքն է հիմնել բիոտեխնոլոգիական կրթության միջազգային գերազանցության ցանց հայաստանյան և եվրոպական համալսարանների միջև՝ կոնսորցիումի շրջանակներում մշակելով և իրականացնելով ուսումնական ծրագիր/դասընթաց կիրառական բիոգիտության ոլորտում:

Ծրագրի մեկնարկային հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականի փետրվարին՝ Հունաստանի Սալոնիկի տեխնոլոգիական ինստիտուտում, որի ընթացքում համակարգող բուհը ներկայացրել է աշխատանքային փաթեթները, առաջիկա մեկ տարվա անելիքները՝ կազմելով ժամանակացույց նախատեսված յուրաքանչյուր գործողության համար:

ERASMUS+ ABioNet ծրագրի հերթական աշխատաժողովը կայացել է 2018 թվականի հոկտեմբերին Դրեզդենի տեխնիկական համալսարանում, որի ընթացքում ներկայացվել է Շիրակի պետական համալսարանի աշխատախմբի կողմից մշակված մագիստրոսական կրթական ծրագիրը: Քննարկման արդյունքում տարբեր համալսարաններից եղել են առաջարկություններ կրթական ծրագրի ուղղվածության վերաբերյալ, որի արդյունքում էլ աշխատախումբը վերանայել է մագիստրոսական կրթական ծրագիրը, մշակել ծրագրի մասնագիրը և բոլոր առարկայական նկարագրիչները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Այս փուլում արդեն ընթացքի մեջ է սարքավորումների գնման գործընթացը: