ՇՊՀ-ի «Սոցիալական աշխատանք» բաժնի ուսանողների հետ հանդիպեց Միրա Անտոնյանը

Այսօր Շիրակի պետական համալսարանի Հոգեբանության, սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանքի ամբիոնի նախաձեռնությամբ համալսարանում էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանը։

ԵՊՀ-ի սոցիոլոգիայի ֆակուլտետի դոցենտ, «Հայ օգնության ֆոնդ» երեխաների կենտրոնի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը հանդիպում ունեցավ «Սոցիալական աշխատանք» բաժնի ուսանողների հետ։

Հայաստանում սոցիալական աշխատանքի ոլորտի կայացման ակունքներում կանգնած մասնագետն ուսանողներին ներկայացրեց իր փորձառությունը, խոսեց բնագավառի կայացման պատմության ու հաղթահարված դժվարությունների մասին։

Միրա Անտոնյանի խոսքով Հայաստանում սոցիալական աշխատանքի ծննդավայրը Գյումրին է, որտեղ երկրաշարժից հետո ստեղծվեցին ու արդյունավետ գործեցին առաջին սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնները։

Բանախոսը, առանձնացնելով Հայաստանում սոցիալական աշխատանքի հիմնախնդիրները, խոսեց նաև ոլորտի արդի մարտահրավերների մասին, պատասխանեց ուսանողների հարցերին։