Էրազմուս+ ծրագրի տեղեկատվական օր ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում Տեղեկատվական օր էր՝ նվիրված էրազմուս+ ծրագրի 2022 թ․ առաջարկների ներկայացման մրցույթին։

Հայաստանում Էրազմուս+ ծրագրի ազգային գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին ՇՊՀ-ի դասախոսներ, ուսանողներ, վարչական աշխատակիցներ, Գյումրիում գործող պետական և ոչ պետական բուհերի ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԿ-ների պատասխանատուներ։

Էրազմուս+ ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան և ծրագրի պատասխանատու Վարդ Ղուկասյանը ներկայացրեցին Էրազմուս+ ծրագրի նորությունները, բարձրագույն կրթության ոլորտում դրամաշնորհային ծրագրերի հայտեր լրացնելու և դրանք իրականացնելու հնարավորությունները։ Լանա Կառլովայի խոսքով՝ 2021-2027 թվականների համար Էրազմուս+ ծրագրերում առաջնահերթությունները տրված են ներառականությանը և բազմազանությանը, թվային տրանսֆորմացիային և կայուն զարգացման կրթությանը։

Տեղեկատվական հանդիպմանը խոսվեց բուհերի կարողությունների զարգացմանը, միջազգային կրեդիտային փոխանակմանը միտված ծրագրերի մասին, ներկայացվեց նոր ներդրվող վիրտուալ փոխանակումների նախագիծը, որին կարող են մասնակցել ոչ միայն բարձրագույն ուսումնական հաստատությունները, այլև հասարակական կազմակերպությունները, բիզնես ոլորտի ներկայացուցիչները։

ՇՊՀ-ի դասախոս, բարձրագույն կրթության փորձագետների ազգային թիմի փորձագետ Էլվիրա Զարգարյանն էլ խոսեց ներառական գործընթացներին համալսարանական ակադեմիական համակազմի աջակցության ու հնարավորությունների մասին, ծավալվեց արդյունավետ քննարկում։

ՇՊՀ-ում անցկացված Էրազմուս+ տեղեկատվական օրերի մասին ազգային գրասենյակի կողմից ներկացված նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ.