ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում ՇՊՀ-ում

Այսօր Շիրակի պետական համալսարանում կայացավ ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված «Սահմանադրականության ուղին․ մարտահրավերներ և հեռանկարներ» խորագրով միջացառումը, որը համատեղ կազմակերպել էին Շիրակի մարզպետարանը, Շիրակի պետական համալսարանն ու Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը։

Միջոցառմանը մասնակցում էին Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, Շիրակի փոխմարզպետեր Կարեն Մանուկյանն ու Ալբերտ Այվազյանը, Գյումրու փոխքաղաքապետ Դավիթ Առուշանյանը, ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանը, Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյանը, մարզային իշխանության այլ ներկայացուցիչներ, իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՇՊՀ-ի դասախոսներ, ուսանողներ։

Շնորհավորելով ներկաներին՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն իր ելույթում արձանագրեց, որ պետականությանը նվիրված տոները պետք է մեծ շուքով նշվեն և հույս հայտնեց, որ այս նախաձեռնությունը շարունակական կդառնա։

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանն ևս իր խոսքում կարևորեց միջոցառման անցկացումը և փաստեց, որ ՇՊՀ-ն մշտապես պատրաստ է հարթակ տրամադրելու և դառնալու նախաձեռնող նման միջոցառումների։

Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Հայրապետյաննն էլ ընդգծեց, որ բոլորս պետականության կրողներն ենք, ուրեմն նաև Սահմանադրության պահապանները և մեր գործողություններով ու մտածելակերպով պիտի ծառայենք մայր օրենքին։

Միջոցառմանը հայկական սահմանադրականության պատմական զարգացման, դրա մարտահրավերների ու հետևանքների մասին զեկուցումներով հանդես եկան ՇՊՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի դասախոս Արթուր Նիկողոսյանը, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող, դոցենտ Կարինե Բազեյանը և ՇՊՀ իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, դոցենտ Արտակ Հովհաննիսյանը։