ՇՊՀ-ի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանի ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:

Հայոց պատմության էջերում ուսուցիչը սերունդներ կրթելու և դաստիարակելու գործին իր անմնացորդ նվիրումով, պետականության կերտման, ազգային գիտակցություն, մարդ և քաղաքացի ձևավորելու առաքելության մեջ եղել և մնում է անմնացորդ նվիրված ջահակիր:

Հայերս միշտ էլ կրթության մշակ ուսուցչին վերապահել ենք ամենապատվաբեր տեղն ու ակնածանքով ենք խոնարհվել նրա առջև: Բարդ ու միևնույն ժամանակ պատվաբեր է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը, առավել բարդ է գիտակից ու արժանապատիվ քաղաքացի դաստիարակելը։

Սիրելի՛ ուսուցիչներ, դուք մեծագույն ներդրում ունեք մեր երկրի զարգացման գործում, դուք ձեր ամենօրյա աշխատանքով ուրվագծում եք մեր պետության վաղվա օրը, քանզի դուք եք կրթում ու դաստիարակում մեր ապագա զինվորին, գիտնականին, մշակին։ Մաղթում եմ, որ արժանի լինեք ձեր վեհ կոչմանն ու անխոչընդոտ իրականացնեք ձեր հայրենանվեր ու ազգանպաստ առաքելությունը ։

Կրկին շնորհավորելով ձեզ այս լուսավոր տոնի առթիվ՝ ուզում եմ, որ դուք ապրեք հզոր ու խաղաղ հայրենիքում, ունենաք մասնագիտական նորանոր ձեռքբերումներ։