ՇՊՀ-ում ներկայացվեց ամերիկյան մամուլում հրապարակված հայոց ցեղասպանության մասին հոդվածների երկհատորը

Այսօր Շիրակի պետական համալսարանում էին Մխիթարյան Միաբանության Միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և ավստրալահայ Արա Քեթիպյանը:

Շիրակի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ե. Սերոբյանի, արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հ. Մելքոնյանի, պատմության և փիլիսոփայության ամբիոնի վարիչի ԺՊ Հ. Խորիկյանի հետ հանդիպմանը հյուրերը ներկայացրին իրենց կողմից հրատարակված «The Armenian Genocide: Prelude and Aftermath. As reported in the U.S. Press – The New York Times» երկհատոր գիրքը:

Երկհատոր գրքի մասին առավել մանրամասն ներկայացում և քննարկումներ կայացան բուհի դահլիճում՝ ՇՊՀ դասախոսների և ուսանողների մասնակցությամբ:

Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը և Արա Քեթիպյանը խոսեցին երկհատորյա գրքում հավաքագրած 1890-1922 թթ․ամերիկյան մամուլում, մասնավորապես The New York Times-ի էջերում, հրապարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածները հավաքագրելու և հատորներում տպագրելու մասին:

Կազմողները հատորի միջոցով ժամանակագրական հերթականությամբ հասանելի են դարձնում Հայոց ցեղասպանության մասին փաստող նյութեր՝ հոդվածներ,  ականատեսների վկայություններ, հաղորդումներ և այլն։
Հատորներում ներկայացված 2666 հոդվածներում անդրադարձ է կատարվում  1894-1896 թթ․ Համիդյան կոտորածներին, Ադանայի կոտորածին, 1915 թ․ Հայոց ցեղասպանությանը և այդ կոտորածների անմիջական հետևանքներին։

Հեղինակները նախատեսում են հրատարակել տասը հատոր, որոնք ընդգրկելու են վեց առաջատար ամերիկյան թերթերը՝ «The New York Times», «The Boston Daily Globe», «The Chicago Tribune», «The Christian Science Monitor», «The Los Angeles Times» և «The Washington Post»-ը:

Հատկանշական է, որ նախագծի իրականացմանը բացի համահեղինակներից ներգրավված 3 աշխատակցուհիներն էլ՝ Սիրանույշ Մինասյանը, Քրիստինե Մխիթարյանը և Էսմարիդա Պողոսյանը, Շիրակի մայր բուհի շրջանավարտներն են:

Գրքերը նախատեսված են ոլորտի մասնագետների և հետազոտողների համար, վաճառքում առկա չեն և տրվում են գրադարաններին ու բուհերին:

Շիրակի պետական համալսարանին ևս հեղինակները նվիրաբերեցին իրենց 12 տարվա աշխատանքի արդյունքը հանդիսացող գրքերը:

Առաջին ալիքի անդրադարձը

«Առավոտ»-ի անդրադարձը

«Արմենպրես»-ի անդրադարձը