ՇՊՀ-ում կայացավ տեղեկատվական–իրազեկման հանդիպում՝ նվիրված գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից առաջարկվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին ու առանձնահատկություններին

Շիրակի պետական համալսարանի նիստերի դահլիճում Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի նախաձեռնությամբ 12.12.2023թ. տեղի ունեցավ տեղեկատվական-իրազեկման հանդիպում, որի նպատակն էր աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության ուղղությամբ համալսարանում առկա, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի կողմից առաջարկվող դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններին ու առանձնահատկություններին ծանոթացնելը։ Բանախոսներն էին Գիտական քաղաքականության և նորարարության կենտրոնի տնօրեն, ֆիզմաթ գիտ. թեկնածու, դոցենտ Լիլիթ Մարգարյանը և Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ՏՏ ամբիոնի դոցենտ, ֆիզմաթ գիտ. թեկնածու Վարդան Մանուկյանը։

Հանդիպման սկզբում ողջույնի խոսքով հանդես եկավ ռեկտոր Երվանդ Սերոբյանը, ով մասնակիցներին ներկայացրեց հանդիպման նպատակը, ընդգծեց թեմայի կարևորությունը և մաղթեց հաջող աշխատանքային ընթացք։

Լիլիթ Մարգարյանն իր խոսքում նշեց, որ համալսարանի աշխատակիցների և ուսանողների գիտահետազոտական գործունեության ծավալումը խթանելու, համալսարանում 2023-2027թթ. գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ զարգացում ապահովելու, գիտահետազոտական գործունեության արդյունքները միջազգայնացնելու, ուսումնառություն-հետազոտություն կապն առավել ամուր դարձնելու նպատակով համալսարանում 2016թ.-ից գործող գիտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման կարգի փոխարեն այժմ գործելու են 2 կարգեր՝ համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության համար ներբուհական դրամաշնորհի տրամադրման և համալսարանի աշխատակիցներին և ուսանողներին գիտահետազոտական գործունեության առաջնահերթությունների ուղղությամբ ներբուհական դրամաշնորհի տրամադրման: Բանախոսի կողմից հանգամանալից ներկայացվեցին վերոնշյալ 2 կարգերի առանձնահատկությունները և հնարավորությունները՝ հրավիրելով հատկապես ուսանողների ուշադրությունը, ովքեր ունեն իրական հնարավորություն՝ ներգրավվելու հետազոտական խմբերում: Քննարկումն ավարտվեց ակտիվ հարցուպատասխանով:

Հանդիպման երկրորդ հատվածում բանախոս Վարդան Մանուկյանը, որպես շահառու, ներկայացրեց, թե որոնք են ՀՀ ԿԳՄՍՆ ԲԿԳԿ-ի գիտահետազոտական գործունեության ուղղությամբ դրամաշնորհային ծրագրերի հնարավորություններն ու առանձնահատկությունները, մասնակցության խիստ և չափելի պայմանները: Նա խորհուրդ տվեց իր գործընկերներին առավել մանրամասն ծանոթանալ մասնակցության պայմաններին, աշխատել դրված բարձր նշաձողին հասնելու համար՝ գնալով դեպի նախանշված նպատակը: