Լաբորատոր փորձեր՝ ՇՊՀ-ի դպրոցի սաների մասնակցությամբ
Այսօր Շիրակի պետական համալսարանում էին Շիրակի պետական համալսարանի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները։ Այցը կազմակերպվել էր «Հայոց լեզվի բառագիտության իմացության դերը քիմիական ռեակցիաների դասակարգումը յուրացնելու, հիշելու գործընթացում» թեմայով նախագծային աշխատանքի շրջանակում։
Աշակերտները քիմիայի լաբորատորիայում մասնակցեցին ճանաչողական և գործնական աշխատանքների։ Կենսաբանության և քիմիայի ամբիոնի դոցենտ Կարինե Ավագյանը և ասիստենտ Թեհմինե Փանոսյանը նրանց ծանոթացրին լաբորատոր սարքավորումներին և դրանց աշխատանքի սկզբունքներին։
Նախագծային աշխատանքի ընթացքում աշակերտներն ուսումնասիրեցին քիմիական ռեակցիաների հիմնական տիպերը՝ միացման, քայքայման, փոխանակման և տեղակալման։ Տեսական գիտելիքներն ամրապնդելու նպատակով աշակերտները, Կենսաբանության և քիմիայի ամբիոնի առաջին կուրսի ուսանողների աջակցությամբ, իրականացրին թեմային առնչվող համապատասխան փորձեր։
Այցը նպաստեց դպրոցականների հետաքրքրության խթանմանը՝ ինչպես քիմիայի, այնպես էլ մայրենի լեզվի նկատմամբ՝ ի ցույց դնելով միջառարկայական մոտեցման արդյունավետությունը։