«Աշնանացան և գարնանացան տրիտիկալեի հատիկի արժեքավոր հատկանիշների էքսպրես-գնահատականը ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի մեթոդով» թեմայով գիտական սեմինար ՇՊՀ-ում
ՇՊՀ-ի Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետում անցկացվեց «Աշնանացան և գարնանացան տրիտիկալեի հատիկի արժեքավոր հատկանիշների էքսպրես-գնահատականը ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի մեթոդով» թեմայով գիտական սեմինար։ Բանախոսն էր Կենսաբանության և քիմիայի ամբիոնի հրավիրյալ դասախոս, «Գյումրիի սելեկցիոն կայան» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ Լուսինե Սուվարյանը։
Տրիտիկալեն նոր մշակաբույս է, որը ստացվել է ցորենի և աշորայի սելեկցիայից, չունի բնական ծագման կենտրոններ և կիրառվում է սննդի, անասնակերի ու սպիրտի արտադրության մեջ։ Բանախոսը նշեց, որ տրիտիկալեի հնարավորությունները լիովին բացահայտելու նպատակով իր ատենախոսության շրջանակներում իրականացրել է հետազոտություն աշնանացան և գարնանացան սորտանմուշների վրա՝ ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի մեթոդով։
Այս մեթոդը հնարավորություն է տալիս արագ և ճշգրիտ որոշել հատիկի որակական հատկանիշները, այդ թվում՝ սպիտակուցի, օսլայի և խոնավության մակարդակը։ Հետազոտության արդյունքները կարևոր են տրիտիկալեի կիրառման և մշակման բարելավման համար։
Սեմինարի ավարտին Լ. Սուվարյանը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։