«Ռուսական սփյուռքի տուն»-ը 300 գիրք նվիրեց ՇՊՀ-ին

Այսօր Շիրակի պետական համալսարանը հյուրընկալել էր Ալեքսանդր Սոլժենիցինի անվան «Ռուսական սփյուռքի տան» ներկայացուցիչներին: Գյումրիում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի օժանդակությամբ ռուս դրամատուրգի անունը կրող գիտահետազոտական, հրատարակչական, մշակութային և կրթական կենտրոնը համագործակցություն սկսեց Շիրակի մայր բուհի հետ: Ռուսական սփյուռքի արխիվ-թանգարանը գրքերի աջակցության ծրագրի շրջանակներում մասնագիտական ու գեղարվեստական 300 գիրք նվիրեց Շիրակի պետական համալսարանին:

«Ռուսական սփյուռքի տան» միջազգային և միջտարածաշրջանային համագործակցության ղեկավար Ելենա Կրիվովան համալսարանի ուսանողներին ներկայացրեց Ալեքսանդր Սոլժենիցինի ստեղծագործական գործունեության կարևոր դրվագները, խոսեց ռուս հրապարակախոսի և Նոբելյան մրցանակի դափնեկրի հասարակական գործունեության մասին:

Հանդիպման մասնակիցները նաև ֆիլմ դիտեցին կենտրոնի գործունեության մասին, շրջեցին համալսարանի գրադարանում, որտեղ արդեն ներկայացված են նվիրաբերված գրքերը: