Քաղաքային տուր՝ ՇՊՀ-ի ու ՎՊՀ-ի ուսանողների մասնակցությամբ

Շիրակի և Վանաձորի պետական համալսարանների «Սերվիս» մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները համատեղ արտալսարանային գործնական աշխատանք են անցկացրել։

«Էքսկուրսիոն գործի հիմունքներ» դասընթացի շրջանակում՝ դոցենտ Գագիկ Թադևոսյանի նախաձեռնությամբ, ՇՊՀ-ի ուսանողները նախապես մշակված հատուկ երթուղով քաղաքային տուր են անցկացրել Գյումրիում, իսկ էքսկուրսիոն խմբի դերում հանդես են եկել Վանաձորից ժամանած ուսանողները։

Ուսանողներին հաջողվել է հետաքրքիր ու բովանդակալից շրջայց անցկացնել՝ ներկայացնելով արվեստների ու մշակույթի մայրաքաղաքի հարուստ պատմությունը, ճարտարապետությունն ու մշակույթը։

ՎՊՀ-ի ուսանողները հյուրընկալվել են նաև Շիրակի մայր բուհում, շրջել են համալսարանում, դեկան Լևոն Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացել բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի հնարավորություններին։

Ֆակուլտետի դեկանը ողջունել է երկու բուհերի միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված այս նախաձեռնությունը՝ կարևորելով ուսանողների փորձի փոխանակման հնարավորությունը ոչ միայն լսարանային հանդիպումներով, այլև գործնական աշխատանք կատարելիս։

Ուսանողների համար օրը հիշարժան էր և լավ հնարավորություն՝ ձեռք բերելու մասնագիտական փորձառություն և նոր ծանոթություններ։