Կայացավ «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի ամփոփիչ աշխատաժողովը

Շիրակի պետական համալսարանում ամփոփվեց «Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագիրը, որն իրականացվում էր ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհով և ՇՊՀ-ի համաֆինանսավորմամբ։

Ծրագրի ամփոփիչ աշխատաժողովին մասնակցում էին ՇՊՀ-ի ղեկավարությունը, աշխատակիցները, ուսանողները, ինչպես նաև հրավիրյալներ, ովքեր իրենց կամավոր մասնակցությունն էին ունեցել ծրագրին։

Բացման խոսքով հանդես եկավ ծրագրի ղեկավար Հովիկ Մելքոնյանը՝ ամփոփելով կատարված աշխատանքներն ու գնահատելով ինչպես աշխատանքային խմբի, այնպես էլ համալսարանի ղեկավարության ու աջակիցների ջանքերը ծրագրի կայացման գործում։

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը ողջունեց աշխատաժողովի մասնակիցներին, ևս մեկ անգամ կարևորեց ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրի արդյունավետ իրականացումը համալսարանի թիմի կողմից՝ ընդգծելով այդ գործում նաև ՇՊՀ-ի ուսանողների ներգրավումը։

ՇՊՀ-ի ռեկտորը նաև շնորհակալագրեր հանձնեց ծրագրին աջակցություն ցուցաբերած անձանց:

Ծրագրի համակարգող Աննա Մարտիկյանը ներկայացրեց ծրագիրն ու գրանցած արդյունքները, մեջբերեց թվային ցուցանիշներ այցելած համայնքների, բանախոսների մասին, նշեց, որ ծրագրի վերջնարդյունքները հանրության տարբեր շերտերի համար հասանելի ձևաչափերով են մշակվել՝ գիտական հոդված ու մեդիաբովանդակություն, ուղեցույց ու տեսաֆիլմեր, էջեր սոցցանցերում։

Ծրագրի բանահավաքները, որ շրջել էին Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա և Անի խոշորացված համայնքներում, հավաքագրել ու գրառել ոչ նյութական մշակութային ժառանգության պատառիկներ, իրենց ուսումնասիրությունների շուրջ թեմատիկ վերլուծություններ ներկայացրեցին։

ՇՊՀ-ի դոցենտ, հոգեբ․ գիտ․ թեկնածու Կարինե Սահակյանի ուսումնասիրության թեման էր «Շիրակի արդի բանահյուսությունը, ծիսատոնական կենցաղը և հոգեբանությունը»։ ՇՊՀ-ի դոցենտ, պատմ․ գիտ․ թեկնածու Արտաշես Բոյաջյանն ուսումնասիրություններ էր կատարել «Շիրակը՝ երկրագործական ոչ նյութական մշակույթի կենտրոն» թեմայով։ ՇՊՀ-ի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աննա Մարտիկյանն էլ ուսումնասիրության համար ընտրել էր «Շիրակի հրաշագործ աղբյուրները» խորագիրը։

Ծրագրի մեդիաբովանդակության պատասխանատու, ՇՊՀ-ի դասախոս Նունե Արևշատյանն էլ կարևորեց հասարակության արձագանքը, ոգևորվածությունն ու համախմբումը ծրագրի շուրջ, ինչն էլ ծրագրի կայացման ու հաջողության մասին է խոսում։

«Նշխարներ Շիրակի բանավոր մշակույթից» ծրագրի շրջանակում լույս տեսած համանուն ուղեցույցը, որում ամփոփված են բանահավաք աշխատանքների արդյունքները, տրամադրվել են նաև Շիրակի պետական համալսարանի գրադարանին: