ՇՊՀ-ում մեկնարկեց «Աշակերտների ակադեմիական զեկուցումներ» կրթական ծրագիրը
Շիրակի պետական համալսարանում տեղի ունեցավ «Աշակերտների ակադեմիական զեկուցումներ» կրթական ծրագրի մեկնարկային փուլը, որը դպրոց-բուհ համագործակցությանը նպաստող գործոններից մեկն է։ Այն կազմակերպել էին ՇՊՀ-ի Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Ա. Գասպարյանն ու ՇՊՀ-ի ավագ դպրոցի ուսուցիչ Ա. Մելքոնյանը:
Ծրագիրը պիլոտային էր և միտված էր աշակերտների ոչ միայն ակադեմիական գիտելիքների հարստացմանը, այլև նրանց քննադատական մտածողության զարգացմանը, ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների ձևավորմանը:
Դրանց կիրառմամբ կազմած իրենց ուշագրավ զեկուցումները վերոնշյալ ծրագրի առաջին հանդիպման ընթացքում աշակերտները ներկայացրին բուհական միջավայրում: Բուհի ղեկավարությունն էլ պատրաստակամություն հայտնեց ծրագիրը դարձնելու պարբերական՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը, ներգրավելով Գյումրի քաղաքի ու Շիրակի մարզի տարբեր դպրոցների աշակերտներին։
Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 20 աշակերտներ՝ ՇՊՀ ավագ դպրոցից, Գյումրու թիվ 25 և 31 դպրոցներից։
Ծրագրի ավարտին աշակերտներին շնորհվեցին հավաստագրեր:
