ՇՊՀ-ում հյուրընկալվեց Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ մայիսի 6-ին, այցելեց Շիրակի պետական համալսարան, հանդիպեց բուհի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների ներկայացուցիչների հետ։
Ողջունելով Ա. Մանասյանին և հանդիպման մասնակիցներին՝ ՇՊՀ ռեկտոր Ե. Սերոբյանն անդրադարձավ մարդու իրավունքների և պարտականությունների հարաբերակցության ու համամասնության պահպանման անհրաժեշտությանը: Նա կարևորեց նման հանդիպումների անհրաժեշտությունը և հույս հայտնեց, որ դրանք կդառնան հաճախակի:
Պաշտպանը կարևորեց համալսարանական միջավայրի դերը՝ ընդգծելով, որ իր մասնագիտական գործունեության զգալի մասը կապված է եղել գիտակրթական և հետազոտական աշխատանքի, ինչպես նաև դասավանդման հետ։
Ա. Մանասյանը ներկայացրեց Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի առանձնահատկությունները և մանդատի շրջանակները։ Նա անդրադարձավ նաև մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգի ձևավորման կարևորությանը՝ ընդգծելով, որ հասարակական կյանքում առկա բազմաթիվ խնդիրների հաղթահարման համար մարդու իրավունքների վերաբերյալ գիտելիքները հիմնարար նշանակություն ունեն։
Հանդիպումն անցավ հարցուպատասխանի և ակտիվ քննարկման ձևաչափով: Ուսանողներն ու դասախոսական կազմի ներկայացուցիչները հանդես եկան նաև համագործակցության առաջարկներով:
Այցի ավարտին Ա. Մանասյանն իր հեղինակած մենագրությունը նվիրեց բուհի գրադարանին և ռեկտոր Երվանդ Սերոբյանի ուղեկցությամբ շրջայց կատարեց համալսարանի տարածքում, ծանոթացավ շենքային և ուսումնառության պայմաններին, ինչպես նաև ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին։
