ՇՊՀ-ում կներդրվի «Ներգրավված քաղաքացի» դասընթացը

Հայաստանի 5 համալսարաններում՝ այդ թվում Շիրակի պետական համալսարանում, կներդրվի քաղաքացիական կրթության «Ներգրավված քաղաքացի» դասընթացը։
Հայաստանյան 5 բուհերը և Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը (IFES) այդ մասին փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել 2020 թվականի հունվարին։

Կրթական ծրագրի ներդրման հետ կապված մանրամասները քննարկելու նպատակով հունվարի 25-ին Շիրակի պետական համալսարանում էր Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) թիմը:

Հանդիպմանը հստակեցվեցին դասընթացին ուսանողների ներգրավման մեխանիզմները, ծրագրի հետագա բարելավման հնարավորությունները։

Շիրակի պետական համալսարանին հանձնվեցին դասընթացի համար հրատարակված նյութերը՝ համալսարանական դասագիքը, դասախոսի և ուսանողի ձեռնարկները, որոնք մշակվել են Ընտրական համակարգերի միջազգային հաստատության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։ Ծրագրի շրջանակներում Շիրակի պետական համալսարանից վերապատրաստված դասախոսներն ու աշխատակիցներն էլ ստացան մասնակցության վկայականներ։

Հիշեցնենք, որ առաջիկայում մեկնարկող դասընթացը դասավանդման նորարարական մոտեցման միջոցով ուսանողներին կներկայացնի ժողովրդավարական քաղաքացիության, արդյունավետ կառավարման, քաղաքացիական մասնակցության և մարդու իրավունքների հիմնավոր սկզբունքները։