ՇՊՀ-ն ընդլայնում է արտաքին համագործակցության շրջանակները

Շիրակի պետական համալսարանում կայացել է աշխատանքային հանդիպում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և հումանիտար իրավունքի ինստիտուտի ներկայացուցիչների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության զարգացման նոր ուղղությունները, ՇՊՀ-ում իրավաբանական կլինիկայի հիմնադրման հնարավորությունները և իրավաբանական կրթության ոլորտում նորարարական կրթական մոդելների ներդրման հեռանկարները։

Նշվել է, որ իրավաբանական կլինիկան կդառնա կարևոր հարթակ ուսանողների գործնական կարողությունների զարգացման, տեսական գիտելիքների կիրառման և իրավական խնդիրների լուծման փորձի ձեռքբերման համար՝ միաժամանակ նպաստելով իրավաբանական կրթության որակի բարձրացմանը։

Օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել նաև առցանց կլինիկա-լաբորատորիայի մոդելի ներկայացումը։ Մասնակիցներին ներկայացվել են դրա տեխնիկական լուծումները, կրթական հնարավորություններն ու ակնկալվող արդյունքները։

Ընդգծվել է, որ առցանց կլինիկա-լաբորատորիայի ներդրումն ու կիրառումը կընդլայնի և կբազմազանեցնի ՇՊՀ-ի կողմից հասարակությանը մատուցվող անվճար ծառայությունների ձևաչափն ու բովանդակությունը՝ փաստելով  բուհի սոցիալական պատասխանատվության հանձնառության իրականացումը: Դա  նաև կբարձրացնի ծրագրի հասանելիությունը, կնպաստի ժամանակակից կրթական տեխնոլոգիաների ներդրմանը և հնարավորություն կտա ընդլայնել ուսանողների ներգրավվածությունը գործնական ուսուցման գործընթացում։

Նախատեսվում է առաջիկայում մշակել համատեղ գործողությունների ծրագիր, որը կներառի իրավաբանական կլինիկայի ստեղծման, մասնագիտական վերապատրաստումների, փորձի փոխանակման և միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված քայլեր։

ՇՊՀ-ից  հանդիպմանը մասնակցել են ռեկտոր Ե. Սերոբյանը, Արտաքին համագործակցության կենտրոնի տնօրենի ՊԿ  Հ. Մելքոնյանը, Պատմության և իրավագիտության ամբիոնի վարիչ Ա. Գասպարյանը, «Իրավագիտություն» կրթական ծրագրի պատասխանատու Ա. Հովհաննիսյանը և մագիստրոս Գ. Սուլթանյանը։

Այս համագործակցությունը կարևոր նշանակություն ունի Շիրակի պետական համալսարանի կրթական և գիտական ներուժի զարգացման, միջազգային գործընկերային կապերի ամրապնդման և ապագա իրավաբանների մրցունակ մասնագիտական պատրաստվածության ապահովման տեսանկյունից։

« of 2 »