ՇՊՀ-ի քոլեջի 103 շրջանավարտներ ստացան ավարտական դիպլոմներ
«Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի քոլեջում տոնական մթնոլորտ էր: Շրջանավարտներին հանդիսավոր պայմաններում հանձնվեցին ավարտական դիպլոմները։
2026 թվականին քոլեջն ունեցավ 103 շրջանավարտ, ովքեր ավարտեցին ուսումնառությունը 5 մասնագիտությունների գծով։ Այս օրը կարևոր հանգրվան էր նրանց կրթական ճանապարհին՝ խորհրդանշելով նոր հնարավորությունների և իրենց կյանքի նոր փուլի մեկնարկը։
Շրջանավարտներին շնորհավորեցին ՇՊՀ հիմնադրամի Մինչբուհական կրթության կազմակերպման բաժնի պետ-տնօրեն Ա. Դավինյանը և դաստիարակչական աշխատանքների գծով բաժնի պետ-տնօրենի տեղակալ Ա. Բաղդասարյանը։ Նրանք ընդգծեցին կրթության կարևորությունը, մաղթեցին շրջանավարտներին մասնագիտական հաջողություններ, նպատակասլացություն և նորանոր ձեռքբերումներ՝ վստահություն հայտնելով, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները կդառնան նրանց հետագա հաջողությունների ամուր հիմքը։
ՇՊՀ-ն սիրով շնորհավորում է քոլեջի բոլոր շրջանավարտներին՝ մաղթելով հաջողություններ հետագա ուսումնառության, մասնագիտական գործունեության և կյանքի բոլոր ոլորտներում։
