Շիրակի պետական համալսարանում ամփոփվեց «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի առաջին փուլը
Շիրակի պետական համալսարանում հաջողությամբ ավարտվեց արդեն ավանդական դարձած «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի առաջին փուլը, որի շրջանակներում Շիրակի մարզի տարբեր հանրակրթական դպրոցներից ժամանած ավելի քան երկու տասնյակ աշակերտներ մեկ շաբաթ մասնակցեցին կրթական, ճանաչողական, մշակութային, ստեղծագործական և մարզական բազմաբովանդակ միջոցառումների։
Ծրագրի նպատակն էր աջակցել դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը:
Ծրագրի ընթացքում մասնակիցներին ընդունեց և ողջունեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Երվանդ Սերոբյանը։ Ողջույնի խոսքում նա կարևորեց համալսարանի և դպրոցների միջև շարունակական համագործակցությունը՝ ընդգծելով, որ նման նախաձեռնությունները նպաստում են պատանիների մասնագիտական կողմնորոշմանը, աշխարհայացքի ձևավորմանը և ապագա կրթական ուղու գիտակցված ընտրությանը։ Իսկ ռեկտորի աշխատասենյակում կազմակերպված հանդիպման ընթացքում Ե. Սերոբյանը ներկայացրեց բուհի ղեկավարի գործունեության առանձնահատկությունները, խոսեց ժամանակակից բարձրագույն կրթության առաջնահերթությունների, համալսարանի զարգացման ծրագրերի և մասնագիտական ճիշտ ընտրության կարևորության մասին։ Դպրոցականները հնարավորություն ունեցան բաց և անմիջական մթնոլորտում հնչեցնելու իրենց հետաքրքրող հարցերը և ստանալու սպառիչ պատասխաններ։
Ծրագրի կրթական բաղադրիչը ներառում էր թեմատիկ դասախոսություններ և գործնական պարապմունքներ։
Ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին նաև ճանաչողական այցելություններ։ Աշակերտները եղան Շիրակի մարզի Մարմաշենի վանքային համալիրում, որտեղ ծանոթացան պատմամշակութային հուշարձանի պատմությանը, ճարտարապետական առանձնահատկություններին և մշակութային նշանակությանը։
Ստեղծագործական միջոցառումների շրջանակում «Սպորտի և արվեստի» ամբիոնի դասախոս Վ. Խաչատրյանի ղեկավարությամբ անցկացվեց նկարչության բաց դաս, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բացահայտելու և զարգացնելու իրենց ստեղծագործական ունակությունները։
Ծրագրի ընթացքում դպրոցականները մասնակցեցին նաև «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղին, մարզական մրցումներին, պարային և ժամանցային այլ միջոցառումներին, որոնք նպաստեցին թիմային աշխատանքի, հաղորդակցման և ստեղծագործական մտածողության զարգացմանը։
Ամառային դպրոցի ավարտական միջոցառումների շրջանակներում անցկացվեց նաև «Սպորտլանդիա» մարզական մրցույթը։ Հաղթող թիմերին պարգևատրեց Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Ե. Սերոբյանը։
Ծրագրի ավարտին մասնակիցներն ստացան շնորհակալագրեր և մրցանակներ:
Հունիսի 29-ին կմեկնարկի «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի երկրորդ փուլը:
