ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐՈՎ ՀԱՆՈՒՆ ԲՆՈՒԹՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՈՒՀԵՐԸ ՀԱՄԱԽՄԲՎՈՒՄ ԵՆ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) հյուրընկալմանն ընդառաջ, տեղի է ունեցել բացառիկ և ռազմավարական նշանակության իրադարձություն: Հայաստանի առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունները միավորել են իրենց ուժերը՝ հիմնադրելով Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիան: Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացած հանդիսավոր հանդիպման ժամանակ բուհերի ղեկավարները ստորագրել են պաշտոնական Փոխըմբռնման հուշագիր։
Այս նախաձեռնությունը, որն իրականացվում է ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի առաջնորդությամբ, նպատակ ունի մեկտեղել հայաստանյան համալսարանների կրթական, գիտական և փորձագիտական ողջ ներուժը՝ բնապահպանական ոլորտի խնդիրների լուծման, էկո-կրթության զարգացման և կենսաբազմազանության կայուն կառավարման ուղղությամբ:
Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը, ի դեմս ռեկտոր Երվանդ Սերոբյանի, ստորագրել է Փոխըմբռնման հուշագիրը:
Հուշագրի ստորագրմամբ կողմերը հանձնառություն են ստանձնել իրականացնել համատեղ միջգիտակարգային հետազոտություններ, կրթական նորարարական ծրագրեր և փորձի փոխանակում: Ինչպես նշել են միջոցառման մասնակից բուհերի ղեկավարներն ու ներկայացուցիչները, սա բացառիկ հարթակ է երիտասարդ սերնդի շրջանում էկոլոգիական մշակույթի արմատավորման և գիտական միտքը պրակտիկ դաշտ տեղափոխելու համար:







