Իրազեկման հանդիպումներ շարք՝ ՇՊՀ-ի ուսանողների համար

Շիրակի պետական համալսարանում շարունակվում է ուսանողների համար պարբերաբար անցկացվող իրազեկման հանդիպումների շարքը:

Մասնավորապես՝ սեպտեմբերի 10-ին անցկացված հանդիպման սկզբում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Անահիտ Վալեսյանը, ողջունելով մագիստրատուրայի առաջին կուրս ընդունված ուսանողներին, ընդգծեց մագիստրոսական կրթության կարևորությունը մասնագիտական գիտելիքների խորացման և  կարիերայի զարգացման տեսանկյունից։ Նա նշեց, որ մագիստրատուրայում ուսումը հնարավորություն է տալիս ոչ միայն խորացնել մասնագիտական գիտելիքներն ու զարգացնել անհրաժեշտ հմտությունները, այլև նոր հնարավորություններ բացել մասնագիտական առաջընթացի և ինքնաիրացման համար։

Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանն անդրադարձավ ուսանողների իրավունքներին, պարտականություններին և համալսարանական միջավայրում առավել ակտիվ ներգրավվելու հնարավորություններին առնչվող հարցերին։

Սեպտեմբերի 11-ին իրազեկման հանդիպում անցկացվեց բակալարի կրթական ծրագրի երկրորդ և երրորդ կուրսերի ուսումնառողների համար, որի ընթացքում Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի պրոռեկտոր-տնօրենի ՊԿ Անահիտ Վալեսյանը ներկայացրեց ակադեմիական շարժունության և տեղափոխությունների հետ կապված հնարավորություններն ու կարգավորումները։ Մասնավորապես՝ անդրադարձ կատարվեց ուսանողների՝ բուհից բուհ և ներբուհական տեղափոխությունների, ինչպես նաև ակադեմիական պարտքերի մարման կարգին։

Ուսանողների աջակցության, բուհ-գործատու համագործակցության բաժնի պետ Վահրամ Էլոյանն էլ ներկայացրեց ուսանողների համար գործող պետական և ներբուհական զեղչերի համակարգը։

Վերոնշյալ աշխատանքային հանդիպումների ընթացքում մասնակիցներին ողջունեց նաև ՇՊՀ-ի ուսանողական խորհրդի նախագահ Իրինա Մանուկյանը։ Նա ներկայացրեց Ուսանողական խորհրդի գործունեության հիմնական ուղղությունները, ուսանողների ներգրավվածության հնարավորությունները, նախաձեռնություններին մասնակցելու ձևաչափերը, ինչպես նաև Ուսանողական խորհրդի կազմում ընդգրկվելու ընթացակարգը։

Ուսանողները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերը, ստանալու անհրաժեշտ պարզաբանումներ։

Հանդիպումներն  անցան ակտիվ և անմիջական հարցուպատասխանի մթնոլորտում։