ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆՆԵՐ» ԾՐԱԳԻՐԸ. 300-ԻՑ ԱՎԵԼԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ ԿԴԱՌՆԱՆ ԿԱՆԱՉ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՋԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ
Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների համատեղ նախաձեռնությամբ պաշտոնապես ազդարարվել է «Կենսաբազմազանության դեսպաններ» երիտասարդական կրթական-էկոլոգիական ծրագրի մեկնարկը: Ծրագիրն իրականացվում է նորաստեղծ Կենսաբազմազանության հարցերով հայկական բուհերի կոալիցիայի (ԿՀԲԿ) կողմից՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի «Road to COP17» նախաձեռնության շրջանակներում:
Ծրագրի հիմնական նպատակն է հզորացնել հայաստանյան ուսանողության ներուժը, նրանց զինել էկոլոգիական ժամանակակից գիտելիքներով և պատրաստել 2026 թվականի հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ գլոբալ համաժողովին (CBD COP17) ընդառաջ:
Ծրագրի մեկնարկային փուլին արդեն միացել են ավելի քան 300 դիմորդ-ուսանողներ Երևանի և մարզային տարբեր բուհերից: Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանը ներկայացնում էին տասնհինգ մասնակիցներ:
Մեկնարկի պաշտոնական արարողությունից հետո մասնակիցների համար անցկացվեցին կարողությունների զարգացման և վերապատրաստման դասընթացներ, որոնք վարում էին ոլորտի առաջատար տեղացի և միջազգային փորձագետները: Դասընթացների փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցները կստանան «Կենսաբազմազանության դեսպանի» կարգավիճակ:





