Մեկնարկել է «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի երկրորդ փուլը

Այսօր Շիրակի պետական համալսարանում մեկնարկեց «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի երկրորդ փուլը՝ բուհի հյուրընկալ հարկի տակ համախմբելով Շիրակի մարզի տարբեր համայնքների դպրոցներից ժամանած ավելի քան երկու տասնյակ աշակերտների։ Առաջին իսկ օրը ճամբարականներին սպասվում էր հագեցած ծրագիր։

Օրվա առաջին կանգառը համալսարանի Արտաքին համագործակցության կենտրոնում էր, որտեղ աշակերտներին ողջունեց կենտրոնի ղեկավար Հովիկ Մելքոնյանը։ Նա ներկայացրեց համալսարանի միջազգային համագործակցության ծրագրերը, ուսանողների ակադեմիական փոխանակման հնարավորություններն ու արտասահմանյան գործընկեր բուհերում կրթությունը շարունակելու հնարավորությունները՝ ոգեշնչելով ապագա դիմորդներին:

Այնուհետև աշակերտները շրջեցին համալսարանի գրադարանում, որտեղ կառույցի ղեկավար Գայանե Ավետիսյանը ներկայացրեց գրադարանի հարուստ գրական ֆոնդը, արժեքավոր ձեռագրերի «Ոսկե ֆոնդը» և մշտապես համալրվող գրական պաշարները։

Մասնակիցները  հետազոտական ուշագրավ փորձերի մասնակցեցին Բնագիտամաթեմատիկական ֆակուլտետի՝ ժամանակակից սարքավորումներով հագեցած լաբորատորիայում՝  «Կենսաբանության և քիմիայի» ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սամվել Ալեքսանյանի, դասախոսներ Գայանե Օքսուզյանի ու Թերմինե Փանոսյանի ղեկավարությամբ։

Օրվա վերջին կանգառը Հումանիտար գիտությունների ֆակուլտետն էր, որտեղ պատանիները հանդիպեցին ֆակուլտետի դեկան Աիդա Գարեգինյանի հետ։ Ջերմ և անկաշկանդ մթնոլորտում անցկացված հանդիպումն ընթացավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով։

Առջևում մասնակիցներին սպասվում են նոր ուսուցողական հանդիպումներ և անմոռանալի օրեր Շիրակի պետական համալսարանում։

« of 7 »