«Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագիր, օր չորրորդ

Շիրակի պետական համալսարանում շարունակվում է «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի երկրորդ փուլը՝ մասնակիցներին առաջարկելով հագեցած ու բազմաբովանդակ օրակարգ:

Չորրորդ օրվա առաջին հանդիպումը վարեց Սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս Արաքսյա Մարգարյանը, ով աշակերտներին ներկայացրեց հայկական գորգարվեստի պատմությունը, տարբեր ժամանակաշրջաններում ձևավորված գորգերի առանձնահատկություններն ու դրանց զարդանախշերի խորհրդանշական նշանակությունը։

Օրվա հաջորդ կարևոր իրադարձությունը ՇՊՀ-ի ռեկտոր Երվանդ Սերոբյանի հետ հանդիպումն էր։ Ռեկտորը աշակերտներին հյուրընկալեց իր աշխատասենյակում, որտեղ ավելի քան մեկուկես ժամ տևած անկաշկանդ ու անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին պատանիներին հետաքրքրող բազմաթիվ հարցեր՝ գիտության, կրթության և մասնագիտական կողմնորոշման վերաբերյալ։

Պատասխանելով մասնակիցների հարցերին՝ ռեկտորը կարևորեց գիտելիքի շարունակական ձեռքբերումը, ակտիվ մասնակցությունն ակադեմիական նախաձեռնություններին և ընդգծեց, որ նման հանդիպումները միտված են նաև նպաստելու մասնագիտական ճիշտ ընտրությանը։ Նա ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ՇՊՀ-ն  մշտապես բաց է մարզի բոլոր կրթական հաստատությունների աշակերտների համար և պատրաստ է աջակցել նրանց գիտական, կրթական ու գործնական նախաձեռնություններին։

Չորրորդ օրվա վերջին դասընթացը վարեց Սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս Կարեն Արամյանը։ Նա մասնակիցներին ներկայացրեց ազգային պարարվեստի հիմունքները, յուրաքանչյուր շարժման խորհուրդն ու նշանակությունը՝ մասնակիցներին ներգրավելով հայկակական տարբեր պարերի կատարման մեջ։

Օրվա ավարտին «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի մասնակիցները դիտեցին «Սպարապետ» գեղարվեստական կինոնկարը:

« of 5 »