«Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագիր, օր երրորդ
Շարունակվում է Շիրակի պետական համալսարանի նախաձեռնած «Ամառային դպրոց ՇՊՀ-ում» ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակներում մարզի տարբեր համայնքներից ժամանած աշակերտները շարունակում են մասնակցել ճանաչողական, կրթական և ժամանցային բազմաբովանդակ միջոցառումներին։
Ծրագրի երկրորդ փուլի երրորդ օրը մեկնարկեց Հասարակական գիտությունների ֆակուլտետում, որտեղ մասնակիցներին ողջունեց ֆակուլտետի դեկան Օֆելյա Հովհաննիսյանը։ Ֆակուլտետի մասնագիտական ամբիոնների ղեկավարներն ու դասախոսները աշակերտներին ներկայացրին կրթական ծրագրերը, դրանց առանձնահատկություններն ու մասնագիտական զարգացման հնարավորությունները։
Ողջույնի խոսքում դեկանը կարևորեց գիտելիքի դերը, հորդորեց աշակերտներին նպատակասլաց սովորել և վստահեցրեց, որ Շիրակի պետական համալսարանի, մասնավորապես՝ Հասարակական գիտությունների ֆակուլտետի դռները միշտ բաց են իրենց համար։
Հանդիպումը շարունակվեց Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի դասախոս Աշոտ Հակոբյանի մասնակցությամբ։ Բանախոսն անդրադարձավ ինքնաճանաչման, հաղորդակցման մշակույթի և առողջ միջանձնային հարաբերությունների ձևավորման կարևորությանը։
Օրվա կրթական հատվածից հետո աշակերտներին սպասվում էր հաճելի անակնկալ։ Համալսարանի մարզադահլիճում Սպորտի և արվեստի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր վոլեյբոլի մրցաշար, որն անցավ բարձր տրամադրության, թիմային ոգու և առողջ մրցակցության մթնոլորտում։
Հագեցած օրվա ավարտին ծրագրի մասնակիցները դիտեցին հայ անվանի ծանրամարտիկ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանի կյանքի ու մարզական ուղու մասին պատմող վավերագրական ֆիլմը, որը ոգեշնչեց աշակերտներին երբեք չհանձնվել, հավատալ սեփական ուժերին և հաստատակամորեն շարժվել դեպի իրենց նպատակները։
