Հանդիպում ՇՊՀ-ի ուսանողների հետ՝ WBL4JOB ծրագրի շրջանակներում

2021 թ.-ի նոյեմբերի 23-ին ՇՊՀ-ի Ուսումնամեթոդական գործընթացի կառավարման կենտրոնի տնօրեն-պրոռեկտորի ՊԿ Նազելի Ավետիսյանը, Արտաքին համագործակցության և հասարակայնության հետ կապերի կենտրոնի տնօրեն Հովիկ Մելքոնյանը և Գործարարության և վարչարարության ամբիոնի վարիչի ԺՊ Արթուր Մկրտչյանը հանդիպում ունեցան «Կառավարում», «Հաշվապահական հաշվառում և հարկում» և «Շուկայագիտություն» մասնագիտությունների 3-րդ կուրսերի ուսանողների հետ:

Նրանք ուսանողներին ներկայացրին ծրագրի աշխատանքային փաթեթներում նշված գործողությունները և ուսումնառության ավարտին նախատեսվող վերջնարդյունքները: WBL4JOB ծրագրի շրջանակներում ուսանողներն իրենց ուսումնառության վերջին տարին սովորելու են ոչ միայն լսարանում, այլ նաև իրենց ստացած տեսական գիտելիքների գործնական կիրառման  հմտություններ ու կարողություններ են ձեռք բերելու տարբեր բանկերի Գյումրու մասնաճյուղերում` ավելի  երկար ժամանակահատվածով, քան նախատեսված է պրակտիկայի համար:

Մյուս կողմից, որպես բուհ-գործատու համագործակցության իրականացման ձևերի բազմազանեցում, նշված բանկերի ներկայացուցիչներն ընդգրկվելու են վերոնշյալ մասնագիտությունների ուսումնական պլանների և ծրագրերի լրամշակման աշխատանքներում:

Հանդիպման ավարտին ծրագրի աշխատանքային խումբը պատասխանեց ուսանողների հարցերին: