Այսօր աշխատանքային այցով Շիրակի պետական համալսարանում էր ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն։

Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը, ողջունելով դեսպանին, կաևորեց հայ-ֆրանսիական երկարամյա բարեկամությունը և Ֆրանսիայի մշտական աջակցությունը հայ ժողովրդին։ Ռեկտորի պաշտոնակատարը նշեց, որ Շիրակի մայր բուհում երկար տարիներ գործել է ֆրանսերեն լեզվի ամբիոնը, որը հարյուրավոր շրջանավարտներ է թողարկել, այժմ էլ միջմշակութային հաղորդակցություն (ֆրանսերեն և հայերեն) մասնագիտությամբ է ընդունելություն կատարվում, իսկ մի շարք մասնագիտություններով, որպես 2-րդ օտար լեզու, ուսանողները ֆրանսերենն են ուսումնասիրում։
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց նպաստել երկու երկրների բարեկամական հարաբերություներին և խորացնել դրանք՝ նոր ծրագրեր կյանքի կոչելով։
Հանդիպմանը կողմերը քննարկեցին համագործակցության հնարավոր ուղիները բարձրագույն կրթության ոլորտում՝ կարևորելով համատեղ ծրագրերի իրականացումը ֆրանսիական համալսարանների հետ տուրիզմի, սերվիսի, սպորտի ուղղություններով։
Դեսպան Անն Լույոն շրջեց նաև համալսարանում, եղավ ֆրանկոֆոնիայի լսարանում, ծանոթացավ ֆրանսերեն դասավանդող դասախոսների հետ, քննարկեց համագործակցության հնարավորությունները։